ՆԳՆ-ն հերքել է անձնագրի ստորագրությունում Արարատ լեռան պատճառով քաղաքացուն սոցքարտ չտրամադրելու հրապարակումը
ՆԳՆ-ն արձագանքել է ԶԼՄ-ներից մեկում տարածված՝ «ՀՀ քաղաքացի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակչի սոցիալական քարտը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր Նորքի բաժնում մերժել են տրամադրել նախադեպը չունեցող պատճառաբանությամբ՝ անձնագրում քաղաքացու ստորագրության վրա եղել է Արարատ լեռը» նյութին, հերքելով այն։
«Նշվածի առնչությամբ հայտնում ենք, որ քաղաքացու հայտնածը չի համապատասխանում իրականությանը։ Հրապարակմամբ նշված անուն-ազգանունով քաղաքացի չի սպասարկվել տվյալ ստորաբաժանումում:
Նկատենք նաև, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալ ստորաբաժանման 8-րդ պատուհանը, որին ըստ քաղաքացու մոտեցել է, սպասարկում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, այսինքն՝ նշված պատուհանին մոտենալիս քաղաքացին չէր էլ կարող սպասարկվել։
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների կողմից անմիջապես կապ է հաստատվել քաղաքացու հետ, որի ընթացքում քաղաքացին տվել է իրարամերժ տեղեկություններ՝ չնշելով տվյալ ստորաբաժանում այցելելու կոնկրետ օր ու ժամ։
Կոչ ենք անում զերծ մնալ իրականության հետ աղերս չունեցող տեղեկություններ հրապարակելուց, ինչպես նաև անհիմն չթիրախավորել ծառայության աշխատակիցներին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ