G7-ը զգուշացնում է Ռուսաստանին՝ Ուկրաինա ներխուժումը լուրջ հետևանքներ կունենա Մոսկվայի համար
Մեծ յոթնյակի խումբը (G7) նախազգուշացրել է Ռուսաստանին, որ նրա ներխուժումը Ուկրաինա լուրջ հետևանքներ կունենա և ՌԴ-ն թանկ գին կվճարի։
«Ռուսաստանը չպետք է կասկածի, որ Ուկրաինայի դեմ հետագա ռազմական ագրեսիան կունենա լայնածավալ հետևանքներ և լուրջ ծախսեր»,- ասվում է ոչ պաշտոնական ասոցիացիայի արտաքին գործերի նախարարների նախագծում, որը ներառում է Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ճապոնիան:
Փաստաթուղթը պետք է ընդունվի Լիվերպուլում երկօրյա հանդիպումից հետո։ Դրանից հատվածներ մեջբերում է Reuters-ը։
Նշվում է, որ Մոսկվայի և Կիևի հարաբերությունների թեման կարող է ներառվել G7-ի առանձին հայտարարության մեջ։ G7-ի անդամները նաև կոչ են արել Ռուսաստանին թուլացնել լարվածությունը Ուկրաինայում, նշում է գործակալությունը։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Էլիզաբեթ Թրուսն իր հերթին, ելույթ ունենալով Լիվերպուլում կայացած մամուլի ասուլիսում, ևս մեկ անգամ զգուշացրել է Ռուսաստանի համար «մեծ հետևանքների» մասին՝ իբր ծրագրված Ուկրաինա ներխուժման դեպքում։
«Մենք հստակ հասկացրել ենք, որ ցանկացած ներխուժում էական հետևանքներ կունենա»,- ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը՝ հավելելով, որ «Մեծ յոթնյակը ցանկանում է, որ Ռուսաստանը հրաժարվի Ուկրաինայի դեմ ագրեսիայից»։ Նա հավելել է, որ G7-ի բոլոր երկրները միասնական դիրքորոշում ունեն Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ։
«Մեծ յոթնյակի այս հանդիպումից մենք շատ հստակ և միասնական ուղերձ հղեցինք Վլադիմիր Պուտինին, մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանը դադարեցնի իր ագրեսիան Ուկրաինայի դեմ»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։
Պատասխանելով Ռուսաստանի դեմ հնարավոր գործողությունների մասին լրագրողների հարցին՝ Տրասը չի բացառել Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը այն դեպքում, եթե ռուս-ուկրաինական սահմանին իրավիճակը շարունակի լարված մնալ։ «Մենք նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացրել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների կիրառման ուղղությամբ, քննարկում ենք այս դեպքում գործողությունների բոլոր տարբերակները»,- ասել է նախարարը։
Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի ներկայացուցչին, G7-ի արտգործնախարարների հանդիպման առանցքային թեմաները եղել են Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունները։ Ըստ ԱՄՆ արտաքին քաղաքականության բարձրաստիճան պաշտոնյայի, «եթե Ռուսաստանը սխալ ընտրություն կատարի», G7-ը հանդես կգա որպես միասնական ճակատ և կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ: Նա նաև ընդգծել է, որ թեև Չինաստանի ռազմաքաղաքական գործունեությունը և նրա տնտեսական մեթոդները չեն կիսում G7-ը, սակայն միության երկրները չեն ցանկանում, որ այն ընկալվի որպես «հակաչինական ակումբ»։
Վերջերս արևմտյան երկրներում, ինչպես նաև Կիևում մեղադրանքներ են հնչում Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել։ Միաժամանակ Պեսկովը չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հավանականությունը, և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։
Նա նաև վստահեցրել է, որ Մոսկվան գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը՝ օգնելու Կիևին լուծել Դոնբասում հակամարտությունը՝ պահպանելով իր հավատարմությունը նորմանդական ձևաչափին և Մինսկի համաձայնագրերին։
Կարծիքներ