ԱՄՆ-ում տորնադոյի զոհ է դարձել ավելի քան 80 մարդ. զոհվածներին դեռ փնտրում են

ԱՄՆ-ում տորնադոյի զոհ է դարձել ավելի քան 80 մարդ. զոհվածներին դեռ փնտրում են

Շաբաթ երեկոյան ԱՄՆ-ի Կենտուկի նահանգում առնվազն 83 մարդ Է զոհվել տեղի ունեցած տորնադոյի հետեւանքով: Զոհերի ստույգ թիվը դեռ հայտնի չէ, սպասվում է, որ միայն Կենտուկիում զոհերի թիվը կգերազանցի 100-ը:

BBC-ի փոխանցմամբ, նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ԱՄՆ կառավարությունը կանի ամեն ինչ՝ օգնելու երկրի կենտրոնական շրջաններին, որոնք տուժել են տորնադոյից։

Բայդենը ստորագրել է արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիր, որը թույլ է տալիս դաշնային ռեսուրսներ հատկացնել Կենտուկիին՝ ամենաշատ տուժած նահանգին: Նա տորնադոները գնահատել է որպես երկրի պատմության մեջ ամենախոշորներից մեկը։

Կենտուկիում տասնյակ մարդիկ մահացել են Մեյֆիլդի մոմերի գործարանում, որտեղ տանիքը փլուզվել է փոթորկի ժամանակ, երբ ներսում մոտ 100 մարդ է եղել։ Գործարանում ավելի քան 40 մարդ է փրկվել, Կենտուկիի նահանգապետն ասել է, որ հրաշք կլինի, եթե մեկ ուրիշ ողջ մնացածի գտնեն:

Մոտ 10,000 բնակչություն ունեցող Գրեյվս շրջանի Մեյֆիլդը տորնադոյի հետևանքով ամենաշատ տուժած քաղաքն է:

Մեյֆիլդի քաղաքապետ Քեթի Ստյուարտ Օ'Նանը CBS-ին ասել է, որ մոմերի գործարանը «կարծես ռումբի հարված է ստացել»: Շենքն ամբողջությամբ ավերված է։

Հոփքինս կոմսությունում ուժեղ քամին գնացքը դուրս է բերել ռելսերից։ Կենտուկիում արտակարգ դրություն է հայտարարվել։

Այնտեղ ավերվել է Մեյֆիլդի ոստիկանական բաժանմունքը, վնասվել է հրշեջների տեխնիկան։ Նահանգում տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության և ջրի։

Առնվազն 12 մարդ էլ զոհվել է այլ նահանգներում պտտահողմերի հետևանքով, այդ թվում՝ 6-ը՝ Իլինոյսում՝ Կենտուկիից հյուսիս-արևմուտք, Էդվարդսվիլում Amazon-ի պահեստներից մեկում տանիքի փլուզման հետևանքով:

Amazon-ը հայտնել է, որ դեռևս գնահատում է իրավիճակը և պատճառված վնասը, իսկ Իլինոյսի նահանգապետ Ջեյ Ռոբերտ Պրիցկերը խոստացել է օգնել քաղաքացիներին:

Իլինոյսի ոստիկանապետ Մայք Ֆիլբեքը հայտնել է, որ վեց մարդ մահացել է, դեռ հայտնի չէ, թե քանի աշխատող է անհետ կորել։

Հայտնի է նաև, որ երկու երեխա որոշ ժամանակ անհետացել են տորնադոյի ժամանակ, բայց հետո նրանց գտել են լոգարանում, որը հավանաբար քամու ուժգնությունից դուրս է քշվել։

Արկանզասում երկու մարդ է դարձել տորնադոյի զոհ. նրանցից մեկը եղել է ծերանոցում, որը մասամբ փլուզվել է։

Թեննեսիում, ըստ նախնական տվյալների, երեք մարդ է մահացել։ Միսսուրիում մեկ մահ է հաստատվել։

«Մետաղյա սյուները կիսով չափ թեքված են, եթե չասենք՝ կոտրված։ Շենքեր կան, որոնք այլևս գոյություն չունեն։ Հսկայական բեռնատարներ  են օդ բարձրացել ու գետնին նետվել։ Եվ, ցավոք, չափազանց շատ տներ, որոնցում, հավանաբար, մարդիկ են եղել, ամբողջությամբ ավերված են»,- նկարագրել են նահանգում տիրող իրավիճակը Կենտուկիի նահանգապետում:

«Դաշնային կառավարությունը կանի ամեն ինչ՝ օգնելու համար բոլոր տուժած բնակավայրերին: Մենք միասին սա էլ կհաղթահարենք», - ասել է Բայդենը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում