11 բուժառու Կարմիր խաչի միջնորդությամբ ԼՂ-ից տեղափոխվել է Հայաստանի բժշկական կենտրոններ
Այսօր՝ հուլիսի 14-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Այս մասին հայտնում են ԼՂ առողջապահության նախարարությունից:
8 բուժառուներ, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ ԿԽՄԿ մեքենաներով վերադարձել են։
«Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 41 երեխա, 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 99 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը հուլիսի 11-ից փակել էր Լաչինի միջանցքը նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաների համար: Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունից հայտնել էին, թե իբր սահմանային ծառայության աշխատակիցները Լաչինի սահմանային անցակետով ԿԽՄԿ-ին պատկանող մեքենաներով ապօրինի կերպով տարբեր տեսակի արգելված իրերի տեղափոխման փորձեր են բացահայտել։
Կարծիքներ