Կառավարությունը հաստատեց Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար 2025 թվականի աջակցության նոր ծրագիրը
Կառավարությունը հաստատեց Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական աջակցության նոր ծրագիրը, որն ուղղված է 2025 թվականի համար նախատեսված միջոցառումների մանրամասն կարգավորմանը և հասցեականության բարձրացմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նոյեմբերի 21-ի նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար 2023 թվականի հոկտեմբեր ամսից մեկնարկել էինք կեցության և այլ ծախսերի հոգալու նպատակով 40+10 հազար դրամ աջակցության միջոցառումը, որը նախատեսված է շարունակել մինչև այս տարվա դեկտեմբեր ամիսը ներառյալ, սակայն, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանումից ի վեր տեղահանվածների տնտեսական ինտեգրման դրամական միտումները և բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի մեկնարկը, առաջարկում ենք 2025 թվականի հունվարից-դեկտեմբեր ամիսների համար հաստատել նորացված աջակցության ծրագիր, որով տարվա ընթացքում աստիճանաբար կնվազեցնենք ընդհանրականությունը, բայց կբարձրացնենք աջակցության հասցեականությունը՝ շեշտելով հատուկ առանձին թիրախային խմբերին»,- ասաց Մկրտչյանը։
Նոր ծրագրի համաձայն՝ հունվար-մարտ ամիսներին աջակցությունը կկազմի 50,000 դրամ՝ պահպանելով շահառուների գործող շրջանակը։ 2025 թվականի ապրիլ-հունիս ամիսներին աջակցությունը կկրճատվի մինչև 40,000 դրամ՝ ուղղվելով առավել խոցելի խմբերին, այդ թվում՝ մինչև 18 տարեկան երեխաներին, հանրակրթական կամ մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող անձանց, 63 և բարձր տարիքի անձանց, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողներին և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողներին։ Հուլիս-դեկտեմբեր ամիսներին աջակցությունը կշարունակվի նույն խմբերի համար՝ 30,000 դրամի չափով։
2025 թվականի ծրագրի համար պետական բյուջեից կծախսվի շուրջ 30,5 մլրդ դրամ՝ 14,5 մլրդ դրամ՝ հունվար-մարտ ամիսների համար, 6,4 մլրդ դրամ՝ ապրիլ-հունիս ամիսների համար, 9,6 մլրդ դրամ՝ հուլիս-դեկտեմբեր ամիսների համար։ Այս որոշումն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից։
Կարծիքներ