Նորոգվում է Ծովակ համայնքի խմելու ջրատարի արտաքին ցանցը
Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում է խմելու ջրատարի արտաքին ցանցը՝ 5 կիլոմետր երկարությամբ: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության վարչությունից։
Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 61 միլիոն 193 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 42 միլիոն 835 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 18 միլիոն 357 հազար դրամը՝ Ծովակի համայնքապետարանը:
Ծովակ համայնքի ղեկավար Գարիկ Հակոբյանի տեղեկացմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթի արդյունքները հուլիսի 6-ի դրությամբ արդեն ամփոփված են, իսկ շինարարությունը կմեկնարկի հուլիսի կեսերից:
«Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 46 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կհատկացնի ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ծովակի համայնքապետարանը: Համայնքի համար անչափ կարեւոր խնդիր է լուծվում, քանի որ Լճավանից սնվող խմելու ջրատարի արտաքին ցանցը, որը կառուցվել է 1956 թվականին, ազբեստյա խողովակներով, մի կերպ է ծառայում իր նպատակին:Բացի ցանցում առկա կորուստները, խնդիր է նաեւ մաքուր խմելու ջրի մատակարարումը: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 4 ամսվա ընթացքում, սակայն շինարարները խոստանում են ավելի վաղ ավարտել աշխատանքները: Ծրագրի ավարտից հետո համայնքը կունենա շուրջօրյա եւ անվտանգ ջրամատակարարում: Բացի այդ, համայնքից շուրջ 30 հոգու համար կապահովվի ժամանակավոր աշխատատեղ: Նոր ջրատարը հիմնականում կկառուցվի մետաղապլաստե, առանձին հատվածներում՝ երկաթյա խողովակներով»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Կարծիքներ