էլեկտրահարված տղաներից մեկը շնչում է արհեստական սարքի միջոցով. մյուսի կյանքի համար բժիշկները պայքարել են 5 օր
Հայկական ժամանակը գրում է. Հունիսի 17-ին Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված 11-ամյա Նարեկ Ք.-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Տղան շնչում է արհեստական շնչառության սարքի միջոցով:
Կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց՝ տղայի մոտ առկա է 60 տոկոս մակերեսային և 20 տոկոս շնչուղիների այրվածք:
«Նրա մոտ առկա է էլեկտրական այրվածք՝ բոցով՝ 1,2,3,4 աստիճաններ ախտորոշում: Բացի նրանից, որ էլեկտրահարվել է, նաև էլեկտրահարվելու ընթացքում կրակ, բոց է բռնկվել և ամբողջությամբ այրվել է: Այսինքն՝ նա ունի համակցված տրավմաներ, և էլեկտրահարություն»,- ասաց նա:
Ըստ Բաբայանի՝ 11-ամյա Նարեկը հիվանդանոց է տեղափոխվել արդեն ծայրահեղ ծանր վիճակում: Հիմա բժիշկները հույս ունեն, որ նրա մոտ կայունացում կգրանցվի և կկարողանան որևէ միջամտություն անել. «Սպասում ենք լուսավոր կետի, չնայած բրոնխիալ ծառը ամբողջությամբ այրված է»:
Նույն օրը Նարեկի հետ հիվանդանոց է տեղափոխվել նաև նրա հասակակից Հրանտ Խաչատրյանը, ում կյանքի համար բժիշկները պայքարել են հինգ օր: Հունիսի 22-ին տղայի կյանքը փրկել չի հաջողվել:
«Նրա մոտ առկա էր 90 տոկոս մակերեսային և 10 տոկոս շնչուղիների այրվածք: Գիտեք, երբ մարդու մոտ առկա է էլեկտրական այրվածք՝ բոցով՝ 1,2,3,4 աստիճանի այրվածքներ, դա արդեն կյանքի հետ անհամատեղելի է, բայց մենք պայքարեցինք նրա կյանքի համար: Բազմաթիվ վիրահատություններ ենք արել, ֆունկցիոնար ենք արել, նրա օրգանիզմում կուտակված հեղուկներ կար, հեռացրել ենք»,- ասաց այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենը:
Ըստ ոստիկանների՝ 11-ամյա երեխաները հիվանդանոց են տեղափոխվել իրենց փողոցի հոսանքի բաժանման կետում հոսանքահարվելու հետևանքով։ Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Կարծիքներ