Դիպլոմների հանձնում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում մասնակցել է դիպլոմների հանձնման և «Լավագույն ուսանող 2023» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է շրջանավարտներին և նշել, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանն ունի հումանիտար կրթության կազմակերպման ավանդույթներ, որի արժանի կրողն են շրջանավարտները։
«Շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ օրվա առթիվ, որը նշանավորում է տարիների ձեր քրտնաջան աշխատանքը, նվիրումը և հաստատակամությունը։ Դուք տիրապետում եք այնպիսի գիտելիքների, հմտությունների և կարողունակությունների, որոնք, անկասկած, դռներ կբացեն կյանքում ինքնաիրացման համար: Լիահույս եմ, որ ձեր մարդկային ներուժը կներդնեք՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման»,- ասել է նախարարի տեղակալը։
Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ ներկայում կրթության զարգացման պետական ծրագրով ամրագրված խնդիրն է ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, ՀՀ զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգի ձևավորումը:
Բարեփոխումները միտված են կյանքի բոլոր փուլերում ապահովելու հնարավորություն` ստանալու սեփական կարիքներին և ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն:
«Մեր նպատակն է հանրահռչակել կրթությունը՝ որպես հանրային բարիք, ապահովել կրթության բոլոր շահակիցների մրցունակ մասնագիտական պատրաստվածությունը, ձևավորել ակտիվ քաղաքացիական դիրքորոշում և մասնակցային ժողովրդավարության վրա հիմնված հանրային համերաշխություն։ Վստահ եմ, որ դուք այդ մասնագիտական պատրաստվածության և արժեքների կրողներն եք, որոնք ձեզ կուղեկցեն կյանքի հաջորդ փուլերում՝ հաջողություն ապահովելով ձեզ աշխատաշուկայում, մասնագիտական և անձնական կյանքում»,- ասել է նախարարի տեղակալը՝ հաջողություն մաղթելով շրջանավարտներին:
Շրջանավարտներին շնորհավորել է նաև ԲՊՀ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը:
Դիպլոմների հանձնման միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցվել 44-օրյա պատերազմում զոհված բուհի շրջանավարտների հիշատակին։
Միջոցառումն ամփոփվել է համերգային կատարումներով։
Կարծիքներ