Արցախի արտաքին գործերի նախարարը իրատեսական չի համարում Պաշտպանության բանակը լուծարելու հարցի քննարկումը
Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն անդրադարձել է Ադրբեջանի պահանջին՝ Արցախի պաշտպանության բանակը լուծարելու մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջի ժամանակ Սերգեյ Ղազարյանն ընդգծեց, որ Արցախյան հակամարտության հետ ծանոթ անձինք գիտեն, որ Պաշտպանության բանակը տեղի բնակչության անվտանգությունն ապահովող կարևորագույն գործոն է, ինչը փաստացի ապացուցվել է բազմաթիվ անգամ։ «Տեսնելով, թե ինչպես են թափ առնում ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունները, սադրանքները, ագրեսիվ հռետորաբանությունը, ապա միանաշանակ իրատեսական չէ քննարկել պաշտպանության բանակի կամ պետական համակարգի լուծարման հարցը, ինչը որպես նախապայման առաջ է քաշում Ադրբեջանը»,- նշեց Ղազարյանը։
Խոսելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին օրերս ուղարկված նամակի մասին՝ Սերգեյ Ղազարյանը նշեց, որ նման նամակներ պարբերաբար ուղարկվում են տարբեր միջազգային կազամակերպությունների ղեկավարներին ու քաղաքական գործիչներին։ Ստեղծված իրավիճակում Արցախի իշխանությունը դիմել է նաև այդ քայլին, և ՀՀ վարչապետը ՌԴ նախագահի հետ իր հեռախոսազրույցի ժամանակ ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել ստեղծված իրավիճակի վրա։
Կարծիքներ