Ճիշտը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունով ընտրությունների գնալն է. Ալեն Սիմոնյան
Ինձ չի հետաքրքրում Հայաստանի 2-րդ, 3-րդ, 1-ին նախագահների վարկանիշը, ինձ հետաքրքրում է այն 42 տոկոսը, որը հիասթփափված է քաղաքականությունից եւ չի ուզում որեւէ մեկին սատարել: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, որ պատերազմից հետո Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը բարձրացել է եւ նա կարող է վարչապետի պաշտոնում փոխարինել Նիկոլ Փաշինյանին:
«Իսկ մնացած առումով, գնացեք մոտակա մարզը, մոտակա գյուղը եւ ձեր ասած անձի անունը տվեք, բայց խորհուրդ եմ տալիս մեքենայի շարժիչը չանջատել այդ անունը տալուց: Ձեր ասած անձնավորությունը, երբ ունեցել են իշխանական լծակներ, բոլոր գրեթե բոլոր հեռուստաալիքները, այդ ժմանակ նույնիսկ չեն կարողացել ընտրություններ հաղթել»,-ասաց նա:
Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ իրենք արդեն նախընտրական աշխատանքները սկսել են, այդ թվում ցուցակներ ճշգրտելու հետ կապված:
Հարցին, թե արդեն կա պատկերացում ապագա ցուցակի մասին, կա՞ն պատգմավորներ, որոնք այս ընթացքում իրենց լավ չեն պահել եւ չեն ընդգրկվի իշխող ուժի ցուցակում, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «Կան պատգամավորներ, որոնք լքեցին, բնական է, որ նրանց հետ աշխատելն անհնար եմ համարում: Նրանց այսօրվա աշխատանքն էլ համարում եմ ոչ լեգիտիմ: Մնացածի հետ կպված կարող եմ ասել, որ մեր գործընկերների մեծ մասը շարունակելու է իր աշխատանքը: Մի մասը կարող է գործադիրում շարունակել: Բայց մեր թիմը, որը կուռ մնաց, շարունակելու է աշխատել: Մեր ներսում ամեն ինչ ավելի քան հարթ է»: Նա նաեւ չբացառեց, որ կարող են ցուցակում նաեւ նոր մարդիկ լինել, սակայն անուններ չնշեց:
Ալեն Սիմոնյանը հավելեց, որ իր կարծիքով ճիշտ կլինի, եթե իշխող ուժը ընտրությունների գնա «Քաղաքացիական պայմանագիր» անվանումով, ոչ թե դաշինքով:
Կարծիքներ