Աշխատաժողովում քննարկվել են Հայաստանի միգրացիայի կառավարման ցուցանիշները
Երևանում հուլիսի 25-ին կայացել է Հայաստանի Հանրապետության միգրացիայի կառավարման ցուցանիշների վերաբերյալ աշխատաժողով, որին ներկա է եղել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, բացման խոսքում ՆԳ փոխնախարարը նշել է, որ հատկապես վերջին տարիներին Հայաստանում միգրացիայի կառավարման ոլորտը լուրջ առաջընթաց է արձանագրել։ Արփինե Սարգսյանն այդ համատեքստում մասնավորապես ընդգծել է Ներքին գործերի նախարարության ձևավորումն ու միգրացիայի կառավարման բլոկում կառուցվածքային և բովանդակային փոփոխությունները։
«Ներքին գործերի նախարարության կազմավորման փուլում մեզ համար հստակ էր մի բան։ Անկախ նրանից՝ մենք խոսում ենք ոստիկանության, միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե մեր մյուս ստորաբաժանումների մասին, նախարարության համար հստակ պետք է լինի հետևյալը. պետք է հստակ տարանջատվի քաղաքականության մշակման ֆունկցիան և քաղաքականության իրականացման ֆունկցիան, որպեսզի յուրաքանչյուր կառույց ունենա հստակ իր ֆունկցիոնալ բազան և, ըստ այդմ, հիբրիդային որևէ իրավիճակ այս տեսանկյունից չունենանք»,- նշել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Ըստ աղբյուրի՝ իր ելույթում ՆԳ փոխնախարարը, հանգամանալից անդրադառնալով նաև ոլորտում կառուցվածքային փոփոխություններին ու քաղաքականության մշակմանը, նշել է, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կառուցվածքային փոփոխությունները երաշխավորում են միգրացիոն ամբողջ ցիկլի կարգավորումը մեկ միասնական ծառայության կողմից։
«Կարևոր եմ համարում նաև այն, որ, բացի ընդհանուր քաղաքականությունից, միգրացիոն կառավարման ցուցանիշները մեզ օգնելու են իմպլեմենտացնել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներից 10-րդի 7-րդ ենթակետը, որը հենց միտված է անվտանգ, ապահով և կանոնակարգված միգրացիոն պրոցեսների ապահովմանը թե՛ պրակտիկ, և թե՛ քաղաքականության մշակման դաշտում։ Վստահեցնում եմ, որ թե՛ այսօրվա քննարկման արդյունքները, և թե՛ հետագա մեր քննարկումները կօգնեն նախարարությանը ճիշտ քաղաքականություն որդեգրելու, ավելի թիրախավորված քաղաքականություն վարելու և, ըստ այդմ, նաև ճիշտ ինդիկատորներ մշակելու, որոնք թույլ կտան ինքներս մեզ գնահատել մեր մշակած քաղաքականությունը և հասկանալ մեր հետագա լավարկումները»,-ընդգծել է Արփինե Սարգսյանը։
Նշվում է, որ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սթոքը, կարևորելով համագործակցությունը, ընդգծել է տարբեր միգրացիոն գործընթացների արդյունավետ կառավարումը։ Նա այդ ուղղությամբ բարձր է գնահատել ՀՀ կառավարության կողմից իրականացվող աշխատանքները՝ շեշտելով Ներքին գործերի նախարարության ստեղծումը, որի ենթակայությամբ գործում է Միգրացիայի և քաղաքացիության նորաստեղծ ծառայությունը։
ՆԳՆ տեղեկացմամբ՝ թեմատիկ նիստերի ընթացքում ՄԱԿ-ի համաշխարհային միգրացիայի տվյալների վերլուծական կենտրոնի ներկայացուցիչն ու միգրացիայի կառավարման ցուցանիշների մասնագետը ներկայացրել են միգրացիայի կառավարման ցուցիչները, Միգրացիայի հարցերով գլոբալ դաշնագիրը, Հայաստանում միգրացիայի կառավարման ցիկլը, տվյալների հավաքագրման արդյունքները։
Աշխատաժողովի ավարտին եզրափակիչ ելույթի ընթացքում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշեց, որ միգրացիայի կառավարման ցուցիչները միգրացիոն քաղաքականությունների իրականացման, մոնիթորինգի ու գնահատման կարևոր չափման գործիքներ են: «Մենք ենք նախաձեռնել, որ մեր երկրում ևս այս գործիքը կիրառվի՝ որպես հնարավորություն հետագայում բարելավելու քաղաքականության մշակման և իրականացման գործընթացները»,-ասել է նա:
Եզրափակիչ ելույթով հանդես է եկել նաև Հայաստանում ՄԱԿ գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը: Աշխատաժողովի ամփոփմանը ներկայացվել են ձեռնարկվելիք քայլերը։
Կարծիքներ