Պատանի գիտնականների առաջին հետազոտությունները՝ ի շահ հայրենիքի
Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլում «Ֆիզիկա և մաթեմատիկա» անվանակարգում հաղթող աշակերտներն իրենց հետազոտական առաջին փորձերն իսկ ուղղել են հայրենանպաստ գործերին: Հաղթող են ճանաչվել ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի, Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա.Հ. Երիցյանի անվան վարժարանի և Ջրահովիտի Վ. Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների ներկայացրած հետազոտությունները:
Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտները ներկայացրել են գիտական հետազոտություն՝ «Ռենտգենյան ճառագայթների անուղղակի ազդեցությունը ատամնաբուժարանում» թեմայով: Թիմում աշխատել են Մարիա Դոլենկոն, Վիկտորյա Խաչատրյանը և Իրինա Թադևոսյանը: Ինչպես ուսումնասիրողներն են ներկայացնում, ռենտգենյան ճառագայթների մեծ չափաբաժինը վտանգավոր է և կարող է վնասել օրգանիզմի բջիջները, ուստի համապատասխան միջավայրում աշխատող մասնագետները պետք է ցուցաբերեն բացառիկ զգուշություն: Նրանք փորձը կատարել են՝ բույսերի վրա կատարած հետազոտությունների հիման վրա ստուգելու ճառագայթների՝ մարդու վրա ունեցած ազդեցության մասին:
Փորձեր կատարելուց, համեմատական գրաֆիկա կազմելուց և համապատասխան եզրակացություն անելուց հետո պատանի գիտնականներն այլևս վստահ են. «Ատամնաբուժարանում կիրառելի փոքր չափերով ռենտգենյան սարքերը կարող են ազդեցություն ունենալ կենդանի օրգանիզմների աճի և մորֆոլոգիական ցուցանիշների փոփոխության վրա: Օրինակ՝ բարձրանում է տերևների բջջահյութի խտությունը՝ միջինը 0.5 տոկոսով, ավելանում է տերևների հյութալի մասի զանգվածը՝ միջինը 3.3 գրամով և այլն»: Նրանք նաև խոստացել են շարունակել ուսումնասիրությունները՝ պարզելու համար, թե ինչպես են ճառագայթներն ազդում մարդու օրգանիզմի վրա:
Ջրահովիտի Վ. Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներ Արմեն Գասպարյանի, Լենդրուշ Հովհաննիսյանի և Դավիթ Ղազարյանի փորձի նպատակն էր ստեղծել էներգիայի կուտակիչներ, թեման՝ «Էներգիա արտադրող տանիքներ»:
«Մեր նպատակն է էներգիա արտադրող տանիքածածկերի ստեղծումը, որտեղ 2 իրար մոտ թիթեղները բաժանված են դիէլեկտրիկ նյութով, այսինքն՝ տանիքածածկման թիթեղը դառնում է կոնդենսատոր»,- բացատրում են ապագա գիտնականները: Տղաները, միմյանց հերթ չտալով, պատմում են, որ նախ արևային մարտկոցով լիցքավորել են փորձանմուշ կոնդենսատորը և ստուգել հոսանքի առկայությունը՝ օգտվելով վոլտաչափից, ամպերաչափից, ինդիկատորից:
«Լամպը լուսարձակեց, նշանակում է՝ արևային էներգիայով լիցքավորված փայլաթիթեղները, որոնք կոնդենսատորներ են, իրենք են դառնում հոսանքի աղբյուր»,- շողացող աչքերով իրենց հաջողված փորձն է նկարագրում Դավիթը: Տղաները վստահեցնում են, որ տանիք-կոնդենսատոր սարքը կծառայի նպատակին, և մարտկոցը կլինի դպրոցի տանիքը, որը կծառայի թե՛ որպես ծածկ, թե՛ որպես լիցքի կուտակիչ՝ դառնալով էլեկտրաէներգիայի երկրորդային աղբյուր: Այսպիսով, պատանի գիտնականներն իրենց առաջին հետազոտությունը կատարել են՝ ի շահ դպրոցի:
«Ֆիզիկա և մաթեմատիկա» անվանակարգի մյուս առաջատարն է «Եկեք սովորեցնենք համակարգչին արհեստական բանականությամբ կարդալ գրաբար ձեռագրերը G.A.I. ծրագրի օգնությամբ» նախագիծը, որը լավագույնն է ճանաչվել նաև Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության (AESA) կազմակերպած քսաներորդ տարեկան գիտական օլիմպիադայում՝ «Հայկական մշակույթի և ժառանգության պահպանում» անվանակարգով: Նախագիծը ներկայացրել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա. Հ. Երիցյանի անվան վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Գոռ Գրիգորյանը: Ապագա ծրագրավորողը նախագիծը ներկայացնելիս ասում էր, որ իր նպատակն արհեստական բանականությամբ հին ձեռագրերի վերծանումն է. «Մագաղաթների վրա գրվածը ժամանակի ընթացքում դառնում է անընթեռնելի, ու այն պահպանելու կարիք է առաջանում: Պետք է թույլ չտանք, որ ձեռագրերը հասնեն անընթեռնելիության մակարդակի: Սա նաև մեր պատմությունն ուրիշներին փոխանցելու հրաշալի տարբերակ է»:
Գոռն իր մասնագիտական ոլորտում աշխատանքային առաջին փորձերն է անում: «Չեմ պլանավորում Հայաստանից բացակայել, աշխատելու և ծառայելու եմ՝ ի շահ հայրենիքիս»,- եզրափակում է մեր հերոսը:
Կարծիքներ