Կընդլայնվի հայ-սերբական մշակութային համագործակցությունը
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Սերբիայի Հանրապետության մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համագործակցության հնարավորությունները: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Պատվիրակության կազմում էին Սերբիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը, Բելգրադի Ազգագրության թանգարանի տնօրեն Տիյանա Կոլակ-Անտիչ Պոպովիչը, թանգարանի խորհրդական և համակարգող Սաշա Սրեչկովիչը: Պատվիրակությանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Հանդիպմանը մասնակցել են նույն վարչության մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման բաժնի պետ Գառնիկ Մոմջյանը և գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը:
Աստղիկ Մարաբյանը ողջունել է հյուրերին և նշել, որ հանդիպումը մշակութային երկխոսության նոր հնարավորությունների առիթ կդառնա:
Ինչպես իրազեկել են սերբ գործընկերները, նրանք արդեն եղել են Սարդարապատի հուշահամալիրում, այցելել են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան, ծանոթանալ թանգարանների գործունեությանը:
Բելգրադի Ազգագրության թանգարանի տնօրեն Տիյանա Կոլակ-Անտիչ Պոպովիչի խոսքով՝ իրենք մշակութային համագործակցության բազմաթիվ ուղղություններ են տեսնում. մասնավորապես` ժողովրդական արվեստների ցուցահանդեսների կազմակերպում, թանգարանային ֆոնդերի պահպանության և փորձագետների փորձի փոխանակման ծրագրեր, ինչպես նաև ժողովրդական ստեղծագործության ոլորտի վարպետների ուսուցողական հանդիպումներ:
Պատվիրակության անդամները նշել են, որ Սերբիան վերջերս է վավերացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան, և այդ շրջանակում առաջարկել են համագործակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում համատեղ հայտ գրանցելու ուղղությամբ:
Հանդիպմանը դիտարկվել են նաև հայ-սերբական մշակութային կապերը գրահրատարակչության ոլորտում զարգացնելու հեռանկարները: Կողմերը փաստել են, որ հայ և սերբ հեղինակները պարբերաբար թարգմանվում են` համապատասխանաբար սերբերենից հայերեն և հակառակը, ինչը երկու ժողովուրդների մերձեցման և փոխճանաչման լավ միջոց է:
Սերբ գործընկերները նաև իրենց հիացմունքն են հայտնել հայկական պատմաճարտարապետական հուշարձանների մասին, որոնք վկայում են հայերի՝ հնագույն ազգ լինելու մասին: Այս համատեքստում քննարկվել են նաև մշակութային տուրիզմի զարգացման ուղիները:
Հանդիպման ավարտին որոշվել է հստակեցնել փոխադարձ ցուցահանդեսների կազմակերպման մանրամասները և ժամանակացույցը:
Կարծիքներ