ՀՀ և Արցախի ՄԻՊ-երն ու ԱՄՆ հայ իրավաբանները շեշտել են փոխգործակցության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը

ՀՀ և Արցախի ՄԻՊ-երն ու ԱՄՆ հայ իրավաբանները շեշտել են փոխգործակցության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն առցանց քննարկում են ունեցել Ամերիկայի հայ իրավաբանական միության (Armenian Bar Association) ներկայացուցիչների հետ։

Ինչպես տեղեկացրին Արցախի ՄԻՊ-ի աշխատակազմից, հանդիպման ընթացքում ներկայացվել են Ադրբեջանի կողմից իրականացվող հանցագործությունների հետևանքով Արցախում և Հայաստանի սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ՄԻՊ հաստատությունների կողմից տարվող փաստահավաք աշխատանքները, ինչպես նաև տեղեկություններ՝ շարունակվող շրջափակման պայմաններում Արցախում ստեղծված հումանիտար ծանր պայմանների և առկա խնդիրների վերաբերյալ միջազգային հարթակներում տարվող աշխատանքների վերաբերյալ։

Ըստ աղբյուրի՝ Ամերիկայի հայ իրավաբանական միության ներկայացուցիչները իրենց հերթին ներկայացրել են Միության կողմից տարվող աշխատանքները, որոնք ուղղված են Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացմանն ու միջազգային ներգրավվածության ապահովմանը։

Նշվում է, որ փոխադարձ շեշտվել է մարդու իրավունքների պաշտպանության իրավական գործիքակազմերի կիրառման և այդ հարցում արդյունավետ փոխգործակցության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում