Ալիևը դժգոհ է, որ ադրբեջանցի գործարարները հեռու են մնում Արցախի գրավյալ տարածքներից․ նա ներդրումների կոչ է արել . Factor
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դժգոհ է Արցախի գրավյալ տարածքների վերականգնման աշխատանքներում ադրբեջանական բիզնեսի ներգրավվածության մակարդակից։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխացմամբ՝ նա կոչ է արել ձեռնարկատերերին ակտիվորեն բիզնես ստեղծել Արցախի գրավված տարածքներում, իսկ պետական կառույցներին՝ պայմաններ ստեղծել ձեռնարկատերերի ներդրումների համար։ «Մասնավոր սեկտորի զարգացմամբ մենք հասել ենք մեծ հաջողությունների։ Այդ հատվածն ի սկզբանե կարևոր դեր է խաղացել իմ՝ նախագահի աշխատանքի մեջ, արդյունքում մենք այժմ տեսնում ենք, որ ՀՆԱ-ի մեծ մասն ապահովում են մասնավոր և ոչ նավթային հատվածները»,- ասել է Ալիևը մի շարք շրջանների գործադիր մարմինների նորանշանակ ղեկավարների հետ տեսակապով հանդիպման ժամանակ։ Ալիևը նաև նշել է, որ հետպատերազմյան շրջանում ավելի մեծ դեր է վերապահվում մասնավոր հատվածին։ Նրա խոսքով՝ ձեռնարկատերերը պետք է իրենց ուշադրությունը դարձնեն Արցախի գրավյալ տարածներին ու այնտեղ բիզնես հիմնեն։ Ի դեպ, Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ Արցախի գրավյալ տարածքների վերականգնման համար «ոչ մի մանաթ օգնություն չեն ստացել ու ոչ մի վարկ չեն վերցրել»։ Հավելենք, որ Արցախի գրավյալ տարածքներում հիմնականում գործունեություն են ծավալում Իլհամ Ալիևի ընտանիքին ու նրա մերձավորներին պատկանող ընկերությունները։ Բացի այդ, շինարարական տարբեր աշխատանքներում ներգրավված են Թուրքիայի նախագահ Էրդողանի մերձավորներին պատկանող մի շարք ընկերություններ։
Էմմա Չոբանյան
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/477257.html
© factor.am
Կարծիքներ