Երևանի ավագանու ՔՊ խմբակցությունը խստորեն դատապարտում է Նոր Նորք վարչական շրջանում այսօր և երեկ տեղի ունեցած միջադեպերը

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարություն է տարածել Նոր Նորք վարչական շրջանում երեկ և այսօր տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խստորեն դատապարտում է Նոր Նորք վարչական շրջանում այսօր և երեկ տեղի ունեցած միջադեպերը։
Հայհոյանքը, վիրավորանքը և բռնությունը՝ լինի դա հոգեբանական թե ֆիզիկական դրսևորմամբ, անընդունելի են։
Տարակուսանք է առաջացնում, որ իրավապահ մարմինների կողմից որևէ գնահատական չի տրվել և համապատասխան գործողություններ չեն ձեռնարկվել դեռևս երեկ Նոր Նորք վարչական շրջանի շենքում դրսևորված ակնհայտ խուլիգանական վարքագծին, ինչի հետևանքով հնարավոր դարձան հետագա սադրանքները և դրանց հաջորդած բռնությունը։
Ցանկացած տեսակի բռնություն, այդ թվում՝ հոգեբանական բռնությունը, որը կարող է արտահայտվել վիրավորանքի կամ անձի արժանապատվությունը նսեմացնելու միջոցով, անթույլատրելի է։ Նման դրսևորումները, կանխարգելման բացակայության պայմաններում, հաճախ հանգեցնում են ֆիզիկական բռնության։
Անհրաժեշտ ենք համարում հատուկ ընդգծել, որ միշտ պատրաստ ենք եղել և շարունակում ենք պատրաստ մնալ լսել կառուցողական և անգամ սուր քննադատություն, որը, սակայն, անհրաժեշտ է տարանջատել վիրավորական և անձի արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններից»,- ասված է հայտարարության մեջ։
Կարծիքներ