Բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշար. Գուրգեն Մադոյանը մեկնարկել է հաղթանակով
Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթանակով է մեկնարկել Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում։
Հայ բռնցքամարտիկը մեկնարկային մենամարտում ուժերն է չափել մոլդովացի Վասիլի Ցեբոտարիի հետ ու 5:0 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ:
Զուգահեռաբար անցկացվում է նաև կանանց ստուգատեսը: Մեր մարզուհիներից երեկ ռինգ է դուրս եկել Էլիդա Քոչարյանը (60 կգ), սակայն պարտվել է մեկնարկում և դուրս է մնացել հետագա պայքարից:
Այսօր՝ մարտի 6-ին, իրենց առաջին մենամարտերը կանցկացնեն 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։ Գարբոյանի մրցակիցը Սինգապուրի ներկայացուցիչ Խուան Տեո Վինն է, իսկ Չալոյանը կփորձի հաղթահարել կանադացի Ալեքսիս Բարիեռիի արգելքը։
Ավելի վաղ Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի երկու անդամներ՝ Արթուր Բազեյանը (57 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), հաղթանակներ էին տարել մեկնարկում: Կանանց պայքարում էլ ռինգ էր դուրս եկել Տաթև Խաչատրյանը (54 կգ), սակայն զիջել էր չիլիացի Դենիսե Բռավոյին:
Հիշեցնենք՝ Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում Փարիզ-2024-ի ուղեգրերի համար կպայքարեն նաև Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ): Կանանց թիմի կազմում էլ ռինգ դուրս կգան Անուշ Գրիգորյանը (50 կգ) և Անի Հովսեփյանը (66 կգ)։
Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում տղամարդկանց 28 և կանանց 21 ուղեգրեր կխաղարկվեն: Մնացած 51 ուղեգրերը բռնցքամարտիկների համար կվիճարկվեն արդեն Թաիլանդում մայիսի 23-ից հունիսի 3-ը կայանալիք վարկանիշային մրցաշարում:
Կարծիքներ