Բաթումիի քաղաքային խորհուրդն օրակարգից հանել է լողափի մի մասը հօգուտ թուրքական ընկերության օտարելու հարցը
Բաթումիի քաղաքային խորհուրդն օրակարգից հանել է Բաթումիի բուլվարի տարածքին հարակից լողափի մի մասը հօգուտ թուրքական ընկերության օտարելու հարցը: Այս մասին տեղեկացնում է Грузия Онлайн պորտալը:
Թուրքական Batumi Tower ընկերությունը, որին պատկանում է նաև Le Meridien հյուրանոցը, մտադիր էր լողափի տարածքը վարձակալել առնվազն 15 տարի ժամկետով:
«Տասներորդ հարցը պետք է ժամանակավորապես հանվի և քննարկվի, երբ բուլվարի զարգացման ծրագիրը կներկայացվի Քաղաքային խորհրդի հաստատմանը»,-ասել է Բաթումիի քաղաքային խորհրդի նախագահ Սուլիկո Թեբիձեն:
Այս որոշմանը նախորդել էր Բաթումի բուլվարի տնօրեն Իրակլի Չինչարաձեի հայտարարությունը, որ մոտ ապագայում բուլվարի զարգացման պլանը պատրաստ կլինի, և միայն դրանից հետո այդ հարցը պետք է քննարկվի:
Բուլվարի տնօրենը հայտարարել է նաև, որ ինքը դեմ է լողափերի օտարմանը, քանի որ բուլվարը հասարակական վայր է և պետք է հասանելի լինի բոլորին:
«Ես դեմ եմ լողափերը մասնավոր սեփականության հանձնելուն»,-ասել է Բաթումի բուլվարի տնօրենը:
Առավոտից Բաթումիի քաղաքային խորհրդի մոտ աղմկոտ էր, քանի որ լողափի վարձակալության դեմ հանդես եկողները եկել էին խորհրդի շենքի մոտ՝ իրենց դժգոհությունն արտահայտելու այս հարցի վերաբերյալ:
Կարծիքներ