Կառավարությունը կխրախուսի ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծնունդը
Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը սահմանելով որպես առաջնահերթություն՝ Կառավարությունը նախաձեռնել է երկրում ծնելիության ցուցանիշի բարձրացմանն օժանդակող նոր ծրագիր, որը նպատակն է խրախուսել ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծնունդը. 2022 թ․ հունվարի 1-ից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխաների դեպքում նախատեսվում է տրամադրել ամսական 50,000 դրամ աջակցություն՝ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
«Ծրագրի շահառու դառնալու հիմնական պայմանը 2022 թվականի հունվարի 1-ից հետո ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծնունդն է։ Հետևաբար, ընտանիքը կստանա ամսական 50,000-ական դրամ, եթե ունի առնվազն 2 երեխա, իսկ երրորդ և հաջորդ երեխաները կծնվեն 2022 թ․ հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 2014 թվականից ի վեր ծնելիության պարբերաբար անկում գրանցող ցուցանիշն առաջին անգամ աճ է գրանցել 2020 թվականին, իսկ 2021 թ․ առաջին կիսամյակի ծնունդների բացարձակ թիվն աճել է 1,413-ով կամ շուրջ 9%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Կարծիքներ