Թեհրանը և Դոհան կարող են տարածաշրջանային էներգետիկ կենտրոններ դառնալ

Թեհրանը և Դոհան կարող են տարածաշրջանային էներգետիկ կենտրոններ դառնալ

Իրանի և Կատարի համագործակցությունը կարող է երկու երկրներին  հնարավորություն տալ Մերձավոր Արևելքի էներգետիկ կենտրոններ դառնալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, հունիսի 26-ին նման կարծիք է հայտնել Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը Կատարի աշխատանքի նախարար Ալի բեն Սաիդ բեն Սամիհ ալ-Միրիի հետ Թեհրանում կայացած հանդիպմանը։

«Իրանի և Կատարի միջև համագործակցությունը կարող է երկու երկրները վերածել տարածաշրջանի գազային և էներգետիկ հանգույցների»,- հայտարարել է Մոխբերը՝ խոսելով գազի արդյունաբերությունից:

Նրա խոսքերը մեջբերել է իրանական Mehr գործակալությունը։ «Երկու երկրների համագործակցության ոլորտները հսկայական են, սակայն վերջին տարիների տնտեսական փոխանակման մակարդակն անհամեմատելի է քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակի հետ»,- հավելել է նա։

Մոխբերի խոսքով՝ Թեհրանին և Դոհային անհրաժեշտ է լուծել բանկային ոլորտում մի շարք հարցեր։ Նա ընդգծել է, որ ընդհանուր մշակույթ ունեցող հարևանները երրորդ երկրի արժույթով վճարումներ կատարելու ոչ մի պատճառ չունեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում