Վահրամ Դումանյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Վահրամ Դումանյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այցելել է ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ «Ռեֆերենս» լաբորատոր կենտրոն և պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Նախարարի պաշտոնակատարը կոչ է արել զերծ մնալ նախապաշարումներից և գիտակցաբար ընդունել պատվաստվելու անհրաժեշտությունն ու կարևորությունը, որը համավարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է. «Արդեն մեկ տարուց ավելի է՝ աշխարհը պայքարում է համավարակի դեմ, որն իրականում աղետալի մարտահրավեր է նետել մարդկությանը: Միայն պատվաստման միջոցով կարող ենք կոտրել համավարակի շղթան»:

Կորոնավիրուսի դեմ պատվաստվել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ միանալով «Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր» կարգախոսին. «Մեր ճիշտ որոշումներից է կախված մեր և մեր երեխաների ապագան: Կորոնավիրուսը չի նահանջելու, քանի դեռ բոլորս պատվաստված չենք: Ես իմ ընտրությունն արդեն կատարել եմ»:

Ինչպես ՀՀ առողջապահության նախարարությունն է փաստում, համավարակի դեմ պայքարի առկա միակ միջոցը պատվաստանյութն է, որի շնորհիվ է միայն հնարավոր վերադառնալ կյանքի բնականոն հունին։ Պատվաստումները 100%-ով կանխարգելում են մահվան ելքերը և հիվանդության ծանր ընթացքը։