Ադրբեջանի քայլերն ուղղված են Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերին էթնիկ զտման ենթարկելուն․ Միզոյանը՝ Բույար Օսմանին

Ադրբեջանի քայլերն ուղղված են Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերին էթնիկ զտման ենթարկելուն․ Միզոյանը՝ Բույար Օսմանին

Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Արարատ Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվորեն համագործակցել կազմակերպության հիմնարար սկզբունքների պաշտպանության և առաջմղման գործում:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության օրակարգի մի շարք հարցերի:

Նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին: Շեշտվել է, որ Ադրբեջանի գործողությունները հանդիսանում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի քայլերն ուղղված են Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերին էթնիկ զտման ենթարկելուն:

Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կանխարգելելու համատեքստում ԱԳ նախարար Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է տարածաշրջանային ու միջազգային համապատասխան կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի կողմից հստակ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում