Մարտակերտում ապրանքների գների խախտում կատարողներին պատասխանատվության կանչելու հանձնարարականներ են տրվել

Մարտակերտում ապրանքների գների խախտում կատարողներին պատասխանատվության կանչելու հանձնարարականներ են տրվել

Արձագանքելով մայիսի 21-ին Արցախի Մարտակերտի շրջան կատարված այցի ընթացքում քաղաքացիների կողմից բարձրաձայնված խնդիրներին, Արցախի շրջափակման ընթացքում կիրառվող սահմանափակումների և ապրանքների շրջանառության հատուկ կարգի պատշաճ կիրառության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնելու պարտականությունը կրող պետական մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում տրվել են ապրանքների մանրածախ վաճառքի գները վերահսկելու նպատակով անհապաղ համայնքային այցեր կազմակերպելու հանձնարարականներ: Այդ մասին ասված է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի Ֆեյսբուքի էջում:

«Խորհրդակցությունից հետո Արցախի պետական եկամուտների և պետական տեսչությունների կոմիտեների աշխատակիցների կողմից ստուգումներ են նախաձեռնվել Մարտակերտի շրջանում, որի շրջանակում ապրանքների մանրածախ վաճառքի գների կոպիտ խախտումներ են արձանագրվել Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Վանք, Առաջաձոր և Քոլատակ համայնքներում, որոնց առնչությամբ հարուցվել են վարչական վարույթներ:

Համայնքային ստուգայցերը շարունակվում են»,- նշված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում