«Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» ծրագրում ներառվել են նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնն» այս տարի իրականացնում է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական կրթամշակութային ծրագիրը:
Ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը: Առաջին կիսամյակում 127 դպրոցներից ծրագրին մասնակցել են 985 աշակերտ՝ Երևանից և Վանաձորից։
Հանդիպումների ընթացքում ծրագրի մասնակիցներն անմիջական շփում են ունեցել արվեստագետների հետ, շոշափել են տարբեր թեմաներ և հարցադրումների շնորհիվ բազմակողմանի պատկերացում կազմել հայ մշակույթի պատմության և արդի գործընթացների մասին:
Դասախոսություններն ուղեկցվել են կենդանի համերգներով և վարպետության դասերով: Աշակերտները հնարավորություն են ունեցել և՛ տեսականորեն, և՛ գործնականում ծանոթանալու տվյալ բանախոսի արվեստին ու գործունեությանը:
Ծրագրի ընթացքում գրանցվել է նաև հաջողված պատմությունների շարք. երեխաների հետ արվեստագետները ստեղծել են երաժշտություն, հնարավորություն են ունեցել նվագելու հնագույն երաժշտական գործիքի վրա, հրավեր են ստացել արվեստագետի կողմից՝ մասնակցելու մշակութային միջոցառումների և որպես մրցանակ ստացել են երաժշտական գործիք ու այլ խրախուսող հրավերներ:
Նշենք, որ ծրագրում ներառվել են նաև «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի» Վանաձորի մասնաճյուղի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները։
«Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» ծրագրի ՀՀ մարզերում նախատեսված հետագա հանդիպումների ընթացքում կներգրավվեն նաև ԵՀՍԿ ՊՈԱԿ–ի՝ տվյալ համայնքներում գործող մասնաճյուղերի սաները։
Կարծիքներ