Մարմնամարզության համար ոգևորությունից բացի նաև պայմաններ են պետք. Հակոբ Սերոբյան

Մարմնամարզության համար ոգևորությունից բացի նաև պայմաններ են պետք. Հակոբ Սերոբյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի կարծիքով, Օլիմպիական խաղերի ավարտից հետո և բրոնզե մեդալի ոգևորության ֆոնին պետք է առանձնակի մեծ ուշադրություն հատկացնել մարմնամարզության և դահլիճային աշխատանքներին:

«Մենք մեդալի համար էինք գնացել: Գիտեինք, որ Արթուր Դավթյանը ոսկե մեդալի էլ է արժանի: Մենք պատրաստ էինք անգամ օլիմպիական ոսկե մեդալ նվաճելուն: Մենք հավատում էինք, սակայն շատերը չէին հավատում, որ այս պայմաններով կարելի է մեդալ բերել: Հիմա բոլոր մարմնամարզիկները մեծ ոգևորությամբ այլ մրցաշարերի կմասնակցեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սերոբյանը:

Վերջինս շեշտեց, որ Օլիմպիական խաղերում մարզչի կարգավիճակում մեծ աշխատանք է կատարել Հայկ Նազարյանը:

«Եթե նորմալ պայմաններ լինեն, ամեն ինչ այլ կլինի: Բացի այս ոգևորությունից՝ նաև մարմնամարզության համար պայմաններ են պետք: Մեզ միջազգային նորմերին համապատասխան դահլիճ է պետք: Մենք ամեն մրցաշարից մեդալ ունեինք, իսկ հիմա նաև Օլիմպիական խաղերից ունենք: Ժամանակն է, որ խոսեմ այս մասին: Մարզադահլիճի կարիք ունենք: Եվ, ինչու ոչ, թող այն կոչվի Արթուր Դավթյանի անունով»,- ասաց նա:

Մասնագետի խոսքով` Դավթյանը Խաղերից առաջ վնասվածք ուներ, բայց չէր բարձրաձայնում, քանի որ պետք է ապացուցեր, որ ինքը լավագույններից մեկն է և այդպես էլ կա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում