Քաբուլի օդանավակայանի հարցը առաջիկա օրերին կորոշակիանա. Թուրքիայի պաշտպանության նախարար

Քաբուլի օդանավակայանի հարցը առաջիկա օրերին կորոշակիանա. Թուրքիայի պաշտպանության նախարար

 Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Իսլամաբադի թուրքական դեսպանություն այցի ժամանակ մեկնաբանել է Աֆղանստանում թուրք զինվորականների ներկայության պահպանման հարցը։

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հայտնելով, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի Համիդ Քարզաիի անվան միջազգային օդանավակայանի շահագործմանն ու անվտանգության ապահովմանն ուղղված քննարկումները շարունակվում են, նշել է. «Քաբուլում Համիդ Քարզաիի անվան միջազգային օդանավակայանի հետագա կառավարման հարցը կորոշակիանա առաջիկա օրերին։ Անկարան մտադիր չէ որևէ կերպ վտանգել թուրք զինծառայողների կյանքը»։

Աքարը հիշեցրել է, որ թուրք զինվորականները վեց տարի շարունակ իրականացնում են Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանի կառավարումն ու անվտանգության ապահովումը։

«Անկարան բազմիցս հայտարարել է, որ համապատասխան պայմանների սահմանման դեպքում պատրաստ է շարունակել  Քաբուլի օդանավակայանի կառավարումը: Այս կապակցությամբ տեղի են ունեցել բազմաթիվ բանակցություններ»,-նշել է Թուրքիայի ՊՆ նախարարը։

Աքարը նշել է նաև, որ  եթե օդանավակայանը փակվի, բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները կարող են լքել Աֆղանստանը։

«Իրադարձությունների նման զարգացումը չի համապատասխանում աֆղանական եղբայրական ժողովրդի շահերին: Հետևաբար, մենք կարևոր ենք համարում շարունակել օդանավակայանի շահագործումը և այս մասին խոսելը մեր գործընկերների հետ։ Քաբուլի օդանավակայանի շուրջ երկխոսությունը շատ կարևոր է։ Թուրքիայի բոլոր համապատասխան կառույցների կողմից համակարգված ջանքեր են գործադրվում»,- հավելել է թուրք նախարարը։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը պաշտոնական այցով մեկնել է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ։  

Աքարը հանդիպում է ունեցել Պակիստանի նախագահ Արիֆ Ալվիի, պաշտպանության նախարարի ու պաշտպանական արդյունաբերության նախարարի հետ։

Քննարկվել են  թուրք-պակիստանյան հարաբերությունների հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում