Պետությունը բիզնեսին ժամկետանց պարտք չունի. աշխատատեղերի թիվն ավելացել է ավելի քան 85 հազարով

Պետությունը բիզնեսին ժամկետանց պարտք չունի. աշխատատեղերի թիվն ավելացել է ավելի քան 85 հազարով

 Կառավարությունը 2021-ի մայիսի 1-ի դրությամբ բիզնեսին ժամկետանց պարտք չունի. պետությունը 3 տարվա ընթացքում շուրջ 500 մլն դոլար վերադարձրել է բիզնեսին: Այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկմանը:

Նա նշեց, որ 2018-ին, երբ ստանձնել է ՀՀ վարչապետի պաշտոնը, կառավարությունը բիզնեսին ունեցել է 274 մլրդ դրամի պարտք: «Սա այն գումարն է, որ ՀՀ օրենսդրությամբ բիզնեսը չպետք է վճարեր, այսինքն՝ այդ գումարը պետք է մնար բիզնեսի և տնտեսավարողների տրամադրության տակ, բայց ըստ էության, դրանք ամենատարբեր ձևերով ու եղանակներով հարկային մարմինների կողմից մուտքագրվել են միասնական գանձապետական հաշիվ կամ պետական հաշվեհամարներ: Կարևոր եմ համարում արձանագրել, որ այս 3 տարվա ընթացքում այդ պարտքի պրոբլեմը լուծվել է՝ ոչ միայն դե ֆակտո, փաստացի վճարումների տեսքով, այլ նաև ինստիտուցիոնալ առումով: 2021 թվականի մայիսի 1-ի դրությամբ ըստ էության պետությունը բիզնեսին ժամկետանց պարտք չունի: Այդ պարտքը, ըստ էության, զրոյացվել է»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ պետությունը 3 տարվա ընթացքում շուրջ 500 մլն դոլար վերադարձրել է բիզնեսին: Փաշինյանը նշեց՝ այդ վճարումը նախ կատարվել է դե ֆակտո, ապա կատարվել են ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Համաձայն այդ բարեփոխումների՝ եթե 2018-ի դրությամբ ավելացված արժեքի հարկի վերադարձման ժամկետ էր սահմանված 6 ամիս, որը միշտ չէ, որ պահպանվում էր, հեղափոխությունից անմիջապես հետո այդ ժամկետը դարձվել է 3 ամիս, իսկ վերջերս՝ 1 ամիս: «Այսինքն՝ այսօր օրենսդրությամբ արձանագրված է, որ կառավարությունը ԱԱՀ-ի գծով 1 ամսից ավելի իրավունք չունի պարտք լինել տնտեսավարողներին: Եթե կուզեք, սա հեղափոխական փոփոխություն է ՀՀ տնտեսության համար»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նա շատ կարևոր համարեց արձանագրել այն ինստիտուցիոնալ փոփոխությունը, որ պետությունը արել է նաև եկամտային հարկի հարցում: 2018-ի դրությամբ գործել է եռաստիճան եկամտային հարկ՝ 36 տոկոս, 28 տոկոս և 23 տոկոս: Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ իրենք սահմանել են համահարթ եկամտային հարկ՝ 23 տոկոս, և օրենսդրությամբ արձանագրվել է, որ ամեն տարի եկամտային հարկը 1 տոկոսով կիջնի, և արդյունքում 2023-ի հունվարի 1-ից կլինի 20 տոկոս համահարթ եկամտային հարկ: Միևնույն ժամանակ կառավարությունն իջեցրել է շահութահարկի դրույքաչափը՝ 20 տոկոսից դարձնելով 18 տոկոս:

Այնուհետև Փաշինյանը ներկայացրեց դրանց արդյունքը: «Ըստ էության մենք ինստիտուցիոնալ առումով լուծեցինք և շարունակում ենք լուծել ստվերային աշխատատեղերի, ստվերային աշխատավարձերի խնդիրները: Եվ 2021 թվականի մարտին 2018-ի մարտի դրությամբ երկրում ունենք 85 038-ով կամ 15.5 տոկոսով ավելի աշխատատեղ: Սրանք այն աշխատատեղերն են, որոնք կոնկրետ աշխատավարձ են ստանում»,-ասաց Փաշինյանը:

Նա խոսեց նաև ստվերային աշխատավարձի մասին, երբ գրանցվում է մի աշխատավարձ, սակայն իրականում տրվում է մեկ այլ աշխատավարձ: «Եվ մենք այս խնդրի լուծման իմաստով էլ լրջագույն հաջողությունների ենք հասել: 2021 թվականի մարտին 2018-ի համեմատությամբ՝ համընդհանուր աշխատավարձի ֆոնդի 36 տոկոսով ավելացում ունենք՝ ընդհանուր 34 մլրդ դրամով: Ընդ որում, մենք ունենք մեկ մարդու միջին աշխատավարձի 19-20 տոկոսով ավելացում»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ ավելի քիչ հարկային դրույքաչափով 2021 թվականի մարտին 2018-ի համեմատ 4 մլրդով ավելի շատ եկամտային հարկի հավաքագրում է իրականացվել: Փաշինյանը սա համարեց կարևորագույն ինստիտուցիոնալ, հեղափոխական բարեփոխում, որ տեղի է ունեցել ՀՀ-ում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում