ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ որոշ տարհանված աֆղանցիներ կարող են անօթևան մնալ
ԱՄՆ իշխանությունները տարհանել են մոտ 74 հազար աֆղանցիների, ովքեր նախկինում օգնել են ամերիկյան կողմին, մտավախություն կա, որ օգնության դադարեցումից հետո նրանցից ոմանք կարող են անօթևան դառնալ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ամերիկյան Axios ինտերնետ պորտալի շաբաթ օրը հրապարակված նյութում :
«Մոտ 48 հազար մարդ վերաբնակեցվել է Allies Welcome գործողության շրջանակներում, ևս 26 հազարը գտնվում են երկրի յոթ ռազմակայաններում, որտեղ անցնում են ներգաղթի, բժշկական զննման և պատվաստումների ընթացակարգեր»,- ասվում է հոդվածում։
«Պետդեպարտամենտի և տեղական ծառայությունների կողմից վերաբնակեցված մարդիկ առաջին 30-90 օրվա ընթացքում օգնություն են ստանում բնակարանային, զբաղվածության, երեխաներին դպրոց գրանցելու և անգլերենի ուսուցման հարցերում»,- նշում է հրատարակությունը։
Պորտալը նշում է, որ կա մատչելի բնակարանների և վերաբնակեցման ծառայությունների անձնակազմի պակաս։
Վաշինգտոնի վարչակազմի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտնել էին, որ մտադիր են ԱՄՆ-ում տեղակայել մոտ 95 հազար աֆղանցի։ Խոսքը նրանց մասին է, ովքեր նախկինում տարբեր օգնություն են ցուցաբերել Աֆղանստանում գտնվող ամերիկյան զորքերին, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին։
Կարծիքներ