Ճապոնիան ևս միանում է Պեկինի-2022-ի դիվանագիտական բոյկոտին
Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոն հաստատել է 2022 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտը։ Այս մասին նա հայտարարել է Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գլխավոր քարտուղարը հայտնել է, որ Ճապոնիան չի նախատեսում կառավարական պատվիրակություն ուղարկել Չինաստանի մայրաքաղաք։ Նրա խոսքերով` երկիրը կներկայացնեն սպորտի պատասխանատուները։
«Օլիմպիական խաղերին կմասնակցեն Տոկիոյի խաղերի կազմկոմիտեի նախագահ Հաշիմոտոն և Ճապոնիայի օլիմպիական կոմիտեի ղեկավար Յամաշիտան, նաև պարալիմպիկ կոմիտեի ղեկավարը կգա Պեկինի պարալիմպիկ խաղերին»,- ասել է Մացունոն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին հայտնի դարձավ Օլիմպիական խաղերին պաշտոնյաների ուղարկելուց ԱՄՆ-ի հրաժարվելու մասին։ Բոյկոտի պատճառը Չինաստանում մարդու իրավունքների խախտումն է։ Դեկտեմբերի 8-ին Ավստրալիան և Կանադան միացան խաղերի դիվանագիտական բոյկոտին։ Նույն օրը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարեց, որ իր երկրի կառավարությունը չի աջակցում խաղերի բոյկոտին, սակայն բրիտանացի պաշտոնյաները չեն մասնակցի ՕԽ-ի բացմանը։
Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2022 թվականի փետրվարի 4-ից 20-ը Չինաստանի մայրաքաղաքում։
Կարծիքներ