Քննարկվել են տարածքային և ենթակառուցվածքների զարգացման ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է «Ռուսատոմ-միջազգային ցանց» արդյունաբերական համալիրի նախագահ Վադիմ Տիտովին։ Քննարկվել են տարածքային և ենթակառուցվածքների զարգացման ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։
Հանդիպմանը ներկայացվել են Հայաստանի տարածքային և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նախագծեր, մասնավորապես ՝ էներգիայի պահեստավորման ժամանակակից համակարգերի միջոցով կարևոր ենթակառուցվածքների անխափան սնուցման ապահովման, արդիականացման մեջ սեյսմիկ ակտիվ շրջանների համար կոմպոզիտային նյութերի, մասնավորապես՝ ածխածնի մանրաթելերի օգտագործման միջոցով, ենթակառուցվածքային օբյեկտների, կենցաղային, բժշկական և արդյունաբերական թափոնների կուտակման խնդիրների լուծում, նաև առաջարկներ են ներկայացվել՝ բարձրացնելու Երևանի քաղաքապետարանի աշխատանքի արդյունավետությունը՝ անհատական համակարգերի թվայնացման, քաղաքային տրանսպորտի աշխատանքի օպտիմալացման, էլեկտրատրանսպորտի զարգացման և այլնի միջոցով:
Խոսելով երկու երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարների մասին՝ «Ռուսատոմ» միջազգային ցանցի արդյունաբերական համալիրի նախագահ Վադիմ Տիտովը նշել է. «Մենք պատրաստ ենք Հայաստանին առաջարկել ենթակառուցվածքների զարգացման տեխնոլոգիական ամենաժամանակակից լուծումներ: Այսօր ներկայացվում են համագործակցության նոր հեռանկարային ոլորտներ, որոնք կարող են հետաքրքրել Հայաստանին և որոնցում «Ռոսատոմը» և նրա կազմակերպություններն ունեն նորարարական և արտադրական ամենամեծ ներուժը: Փոխօգնության, վստահության և բարեկամության ավանդույթները խթանում են Ռուսաստանի և Հայաստանի միջև ներկայիս հարաբերությունների առաջընթացը և մեր երկարաժամկետ նախագիծը, որը տևում է ավելի քան 5 տարի՝ Հայկական ԱԷԿ -ի արդիականացումը, արդեն վերջնական փուլում է և դրա հաջող իրականացումը ևս մեկ անգամ ընդգծում է մեր երկրների միջև արդյունավետ փոխհամագործակցությունը»։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ևս բարձր է գնահատել «Ռուսատոմ»-ի հետ համագործակցությունը․ «Ընդգծելով մեր երկարամյա շատ կարևոր համակարգային համագործակցությունն ատոմային էներգետիկայի և ընդհանրապես էներգետիկայի բնագավառում՝ ուրախությամբ արձանագրում ենք, որ Ռոսատոմի ներկայացրած մյուս տարբեր ուղղությունները նույնպես հետաքրքիր են Հայաստանի համար՝ հետագա զարգացման առումով։ Հատկապես, որ այդ ուղղություններից մի ամբողջ շարք վերաբերում են տարածքներին և համայնքային խնդիրներին։ Մանավորապես՝ կոշտ կենցաղայաին թափոնների վերամշակման ուղղությունը, խելացի քաղաք գաղափարախոսության ուղղությունը, կոմպոզիտային նյութերի արտադրության և կիրառման ուղղությունը, ինչպես նաև էներգետիկայի այլ բնագավառներ, որոնք կարող են էապես օժանդակել այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը Հայաստանում»,-նշել է նախարարը։
Հանդիպման ընթացքում կողմերը հաստատել են, որ առաջարկվող ուղղությունները համապատասխանում են Հայաստանում էներգետիկայի, ջրային տնտեսության, քաղաքաշինության զարգացման ռազմավարություններին, և համագործակցությունը կզարգանա կոնկրետ նախագծերի հիման վրա՝ ներդրումների և ֆինանսական ռեսուրսների հնարավոր ներգրավմամբ:
Հայկական կողմից հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, ՏԿԵՆ էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ և շահագրգիռ այլ կողմեր: Ռուսական կողմից հանդիպմանը ներկա էին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանում ROSATOM- ի ներկայացուցիչ Վյաչեսլավ Պռոշկինը, ROSATOM-ի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գորնը:
Կարծիքներ