Փաշինյանը կլուծի սյունեցիների սոցիալական խնդիրները հանքատերերի հաշվին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մեր տեղեկություններով` Սյունիքի մարզում երեկ տեղի ունեցած դեպքերը հանգեցրել են նրան, որ երեկոյան կառավարությունում քննարկել են Սյունիքի մարզի որոշ հանքերի պետականացման կամ այլ ներդրողների ներգրավվելու հնարավորությունը: Հարցն այն է, որ տարիներ շարունակ հանքարդյունաբերության ոլորտը միլիարդավոր դոլարների օգուտներ է տվել մասնավոր անձանց, եւ էականորեն չեն ավելացել շարքային աշխատողների աշխատավարձերը, առողջապահական եւ այլ վճարները: Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ հանքարդյունաբերողները պարտավոր էին այս տարիների ընթացքում գոնե գերժամանակակից հիվանդանոցներ կառուցել (հատկապես օնկոլոգիական հիվանդությունների բուժման ու կանխարգելման ուղղությամբ մասնագիտացված), համայնքային խնդիրներ լուծեին, այնինչ կա՛մ ոչինչ չի արվել, կա՛մ արվել է խիստ մակերեսային: Սրան հակառակ, ըստ մերձկառավարական շրջանակներում պտտվող կարծիքների, այդ գումարներից գոյացող սեւ բյուջեներն օգտագործվում են ներքաղաքական հարցեր լուծելու համար, ու մինչդեռ սոցհարցումները վկայում են նաեւ Սյունիքում Նիկոլ Փաշինյանի համեմատաբար բարձր վարկանիշի մասին, անհրաժեշտ է անցնցում, բայց արագ փոփոխությունների գնալ այս ոլորտում: Աղբյուրը կարծիք հայտնեց, որ դաշտը մաքրելուց հետո հնարավոր կլինի էականորեն ավելացենել թե՛ բյուջետային մուտքերը, թե՛ աշխատավարձերը, թե՛ բնապահպանական եւ առողջապահական ծախսերը:
Հիշեցնենք՝ տարիներ շարունակ ընդդիմությունը բազմիցս բարձրաձայնել է մեր հանքերից եկող միլիարդներն անհայտ ուղղություններով կամ անհայտ մարդկանց գրպանը գնալու հարցը: Հայաստանում գերիշխել է այն կարծիքը, որ ադրբեջանական նավթին կարող ենք հակազդրել հայկական մոլիբդենից, պղնձից եւ այլ հանքանյութերից, մետաղներից ստացվող փողով, ապա ուղղել այն երկրի պաշտպանության, տնտեսության ամրապնդմանը, ինչը, ցավոք, չարվեց ու հանգեցրեց մեր ծանր պարտությանը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Կարծիքներ