Այս տարի հնարավոր է մեկնարկի նոր քրեակատարողական հիմնարկի շինարարությունը
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը անհրաժեշտ է համարում արագ տեմպերով կառուցել նոր քրեակատարողական հիմնարկ, որը կլուծի թե մարդու իրավունքների պաշտպանության , թե վարչարարության, թե բյուջեի խնայողության հարցերը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կարեն Անդրեասյանը հայտնեց, որ այդ ուղղությամբ արդեն իսկ ԵՄ և Գերմանիայի գործընկերների հետ սկսել են նոր ՔԿՀ-ի մոդելավորման աշխատանքները:
«Քրեակատարողական հիմնարկի վերանորոգումն ուղղակի միջոցների վատնում կլինի, դրա փոխարեն պետք է ուղղակի արագ տեմպերով կառուցենք նոր քրեակատարողական հիմնարկ, որը կունենա բոլոր անհրաժեշտ բաժինները, նաև մեծ հիվանդանոցի տեսքով: Այսինքն` նույն կոմպլեքսում կունենանք և բուժհաստատությունը, և բոլոր պահման ռեժիմները: Մենք մեծ նախագիծ ենք սկսել և անցած մի քանի ամիսների ընթացքում մեր գերմանացի գործընկերների հետ, ԵՄ գործընկերների հետ արդեն սկսել ենք մոդելավորման աշխատանքները»,- ասաց Անդրեասյանը:
Նա նշեց, որ քրեակատարողական հիմնարկ կառուցելու համար մեծ հողատարածք է հատկացվել Էրեբունի քրեակատարողական հիմնարկի մոտ:
«Բավական մեծ հողամաս ունի հենց Արդարադատության նախարարությունը: Ուղղակի այնտեղ հնարավոր է սողանքի խնդիր լինի: Հիմա մենք երկրաբանական հետազոտություն ենք արել, դուրս ենք բերելու արդյունքները: Այսինքն` ունենք մոդելը, որը մի քանի շաբաթվա մեջ եռաչափ և բոլոր տարբերակներով կլինի: Եթե հավանության արժանացրեց Կառավարությունը, այս տարի կսկսենք շինարարությունը: Ֆինանսավորումն էլ ունենք որոշակի չափով` ԵՄ գործընկերներն են հետաքրքրված,նաև կանադացի գործընկերները: Բայց սա այն հարցն է, որի դեպքում պետբյուջեից, եթե ոչ 2022 թվականին, ապա 2023 թվականին կարող ենք ակնկալել լուրջ ներդրում, որովհետև սա լուծելու է և Մարդու իրավունքների պաշտպանության հարցը, և վարչարարության հարցը, և նոր խնայողություն է լինելու մեր բյուջեում»,- եզրափակեց Անդրեասյանը:
Կարծիքներ