Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին բախվել են «Օպել Վեկտրա»-ն և «ԴԱՖ»-ը․ բռնկված հրդեհի հետևանքով վարորդը մահացել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները, որի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս):
Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն, նշելով, որ նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 12-ին` ժամը 22:00-ի սահմաններում, հիշյալ փողոցում, բախվել են «Նիսան» և «Տոյոտա» մակնիշի՝ երկու ավտոմեքենաներ, որի հետևանքով մեկ անձ մահացել է, իսկ 4-ը` մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Ըստ քննչական կոմիտեի հաղորդած տվյալների՝ կատարվում է նախաքննություն:
Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը, որի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ` Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու նպատակով:
Նախնական տվյալներով 2022թ. մարտի 13-ին` ժամը 17:50-ի սահմաններում, տղամարդն իր «Ֆորդ Ֆյուժն» մակնիշի ավտոմեքենայով, հիշյալ վայրում վրաերթի է ենթարկել քաղաքացու, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Ըստ քննչական կոմիտեի հաղորդած տվյալների կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 150-րդ կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ:
Ըստ նախնական տվյալների, 2022թ. մարտի 13-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հիշյալ հատվածում միմյանց են բախվել «Օպել Վեկտրա» (վարորդը՝ 34-ամյա պայմանագրային զինծառայող) և «ԴԱՖ» մակնիշի (վարորդը՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «Օպել Վեկտրա» ավտոմեքենայի սրահում հրդեհ է բռնկվել և մեքենայում գտնվող՝ 1981թ. ծնված պայմանագրային զինծառայողը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի վարորդը և մյուս երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կարծիքներ