69-ամյա տղամարդու մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 41-ամյա բնակչին

69-ամյա տղամարդու մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 41-ամյա բնակչին

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու հետեւանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 41-ամյա բնակչին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 41-ամյա բնակիչը 2019թ. նոյեմբերի 3-ին՝ ժամը 14:00-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, իրեն պատկանող «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայով երթեւեկել է Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհով, որի 14-րդ կիլոմետր հատվածում թույլ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների 36-րդ եւ 99-րդ կետերով նախատեսված պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել վթարային իրադրություն, ինչի արդյունքում մեքենայի առջեւի մասով բախվել է «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի առջեւի ձախակողմյան հատվածին, որի հետեւանքով վերջինիս 69-ամյա վարորդին անզգուշությամբ պատճառվել է մահ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 41-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում