«ՀայՓոստի» անունից հաղորդագրություն են ուղարկում՝ առաջարկելով վճարել 233,12 դրամ առաքման գումար. հայտարարություն
«ՀայՓոստը» հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ընկերության անվան և ապրանքային նշանի շահարկմամբ բանկային տվյալների կորզման փորձեր են արվում:
«Կրկին ահազանգեր ենք ստանում, որ «ՀայՓոստի» անվան և ապրանքային նշանի շահարկմամբ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում:
Այս անգամ խարդախները այլ երկրում գրանցված անհայտ համարներից քաղաքացիներին «ՀայՓոստի» անունից ուղարկում են կարճ հաղորդագրություններ (SMS)՝ առաջարկելով կատարել 233,12 դրամ առաքման վճար, որպեսզի ծանրոցը առաքվի: Հղմամբ անցնելով բացվում է պատուհան, որտեղ պահանջվում է ներմուծել անձնական և բանկային քարտի տվյալներ։
«ՀայՓոստը» հորդորում է ոչ մի դեպքում չտրամադրել բանկային տվյալները:
Խնդրում ենք օգտվել միայն «ՀայՓոստ» ընկերության պաշտոնական աղբյուրներից»,- նշվում է հայտարարության մեջ:
Կարծիքներ