Հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները
ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ դեկտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի մասնակցությամբ:
Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը նման ձևաչափով հանդիպում նախաձեռնելու նպատակով ներդրած ջանքերի համար և հույս հայտնել, որ այս հանդիպումը հնարավորություն կտա արձանագրելու կոնկրետ արդյունքներ, կծառայի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ հումանիտար պահանջների լիարժեք կատարմանը:
Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ Հայաստանի համար առաջնահերթություն է եռակողմ հայտարարությամբ ամրագրված մարդասիրական պահանջների կատարումը, մինչդեռ դրանք Ադրբեջանի կողմից մինչ օրս լիարժեք կատարված չեն:
Այս համատեքստում Վարդապետյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ կատարել է 8-րդ կետի՝ «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն ամրագրող պահանջները:
«Հայտարարության ստորագրումից երկու տարի անց Ադրբեջանի Հանրապետությունում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ: Ադրբեջանի այս վարքագիծը ոչ մի կերպ չի նպաստում եռակողմ հայտարարության նպատակների իրականացմանը»,- շեշտել է Աննա Վարդապետյանը:
Հանդիպման ընթացքում Հայաստանի գլխավոր դատախազ Վարդապետյանն անդրադարձ է կատարել նաև երեք երկրների գլխավոր դատախազների մասնակցությամբ այս ձևաչափով տեղի ունեցած նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ նշելով, որ Հայաստանը կատարել է բոլոր պայմանավորվածությունները:
Աննա Վարդապետյանը կրկին շնորհակալություն է հայտնել ՌԳ գլխավոր դատախազին և շեշտել, որ Հայաստանն ակնկալում է եռակողմ հայտարարության 8-րդ կետի կատարման կապակցությամբ կոնկրետ արդյունքներ:
Կարծիքներ