Հայոց ցեղասպանության մասին նոր գրքում ներկայացված են դեռևս չհրապարակված փաստաթղթեր
Պատմական գիտությունների թեկնածու Շուշան Խաչատրյանը «Կրոնի դերը Հայոց ցեղասպանության իրագործման մեջ» մենագրությամբ ներկայացրել է ցեղասպանությանն առնչող մինչև օրս չուսումնասիրված և չհրատարակված փաստաթղթեր։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մենագրության շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 11-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։
Գրքի հեղինակը, ով նաև Հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման բաժնի վարիչ, ավագ գիտաշխատող է, պատմեց, որ գիրքը դեռ շատ վաղուց է ցանկացել գրել։ Պապը ցեղասպանության վերապրողներից է եղել։ Տանը իրեն հայրենասեր են մեծացրել, և ինչը՝ իր խոսքով, նպաստել է, որ ուսանողական տարիներին ընտրի թեմա, որը կունենա հայագիտական ուղղվածություն։
«Գիրքը հիմնարար նպատակի պետք է ծառայի․ ճշմարտության իմացությունը։ Ինչքան շատ ճշմարտություն բացահայտվի Հայոց ցեղասպանության մասին, այնքան դրական հետևանքներ կունենա մեր ազգի համար»,- վստահեցրեց Խաչատրյանը։
Հեղինակը ընդգծեց, որ իր գիրքը առաջինն է իր տեսակի մեջ։ Այն կարող է հետաքրքրել ոչ միայն կրոնագետներին կամ պատմաբաններին, այլև հոգեբաններին, սոցիոլոգների ու քաղաքագետներին։
«Մենագրության հիմքում ընկած է երկու կարևոր հարց․ ինչպե՞ս տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը և ինչո՞ւ։ Կարծում եմ, որ գրքումս կարողացել եմ երկու հարցին էլ պատասխանել։ Ներկայացրել եմ կրոնի դերը սիստեմավորված, թե ինչպիսի դերակատարություն է ունեցել կրոնը Հայոց ցեղասպանության իրագործման մեջ։ Գրքում կգտնեք մինչև օրս չուսումնասիրված և չհրատարակված փաստաթղթեր, ծիսական սպանություններ և բռնություններ, որոնց ենթարկվել են հայերը, ինչպես նաև պատմական էքսկուրսով անդրադարձել եմ սրբադասման արարողություններին»,- պատմեց հեղինակը։
Խաչատրյանը նաև նշեց, որ կա ցանկություն գիրքը անգլերեն և իտալերեն թարգմանել, և այն դրսում ավելի մասշտաբային ներկայացնել։ Նա պատրաստվում է հաջորդ տարի ևս մեկ մենագրությամբ հանդես գալ։
Կարծիքներ