System of a Down-ը՝ հանուն Արցախի. ակցիա Կալիֆոռնիայում

System of a Down-ը՝ հանուն Արցախի. ակցիա Կալիֆոռնիայում

Կալիֆոռնիայի հայ համայնքը շարունակում է զանգվածային միջոցառումներ կազմակերպել բոլոր հայաշատ քաղաքներում։ Ինչպես հայտնում է 1lurer.am-ը, դրանք բողոքի ակցիաներ են, իրազեկման արշավներ և դրամահավաք՝ Արցախին օգնելու նպատակով։

Հերթական միջոցառումը կազմակերպել էին System of a Down խմբի անդամները։ Նրանք Գլենդեյլի Սուրբ Լեոն տաճարում հանդիպել են երկրպագուների հետ։ Շավո Օդադջյանը և Ջոն Դոլմայանը ստորագրել են շապիկների վրա, որոնք տեղում վաճառվել են:

Հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Միջոցառմանը մասնակցել են հարյուրավոր ամերիկահայեր, որոնք երկար հերթ են կանգնել ռոքի հայ աստղերի ստորագրությունը ստանալու և բարեգործական ակցիային մասնակցելու համար։

Միջոցառանը մասնակցել են նաև բազմաթիվ ամերիկացիներ, որոնք նշել են, որ System of a Down-ի մեծ երկրպագու են, սակայն եկել են ոչ միայն նրանց տեսնելու, այլև Արցախի ժողովրդին օգնելու։

«Պատճառը, որ այսօր այստեղ ենք՝ Հայաստանում և Արցախում այս պահին տեղի ունեցող պատերազմի մասին իրազեկելու ցանկությունն է։ Եվ երկրորդ նպատակը՝ դրամ հավաքել, որի կարիքը խիստ կա ոչ միայն պատերազմի, այլև դրանից հետո Արցախի վերականգնման համար։ ՄՆ-ում շատերը չգտեն՝ ինչ է տեղի ունենում, որովհետև նրանք մտահոգված են կորոնավիրուսով, տնտեսությունը վերականգնելով և նախագահի ընտրություններով: Ամեն ինչ պետք է անենք՝ ուշադրություն գրավելու համար։ Իբրև հայեր՝ մենք պետք է միասնական ձայն բարձրացնենք, մեր ասելիքը տեղ հասցնենք՝ ի տարբերություն 1915 թվականի։ Այժմ 1915 թիվը չէ, մենք ունենք շատ ավելի զորություն ու ուժ և կարողություն՝ այդ հզորությունն ու ուժը զգալ տալու»,- նշել է System of a Down խմբի անդամ Ջոն Դոլմայանը։

Շավո Օդաջյանի խոսքով էլ՝ սա իրազեկման ակցիա է, որ մարդիկ իմանան, որ խնդիրը միայն հայկական կամ թուրքական խնդիր չէ, սա փաստացի մարդասիրական խնդիր է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում