Գերմանիայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային 65,371 դեպք
Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվն օրական ավելացել է 65371-ով, ինչը նոր առավելագույնն է ամբողջ համաճարակի համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում հինգշաբթի օրը հրապարակված Ռոբերտ Կոխ ինստիտուտի տվյալները։
Նախորդ հակառեկորդը գրանցվել էր նոյեմբերի 17-ին, երբ օրական 52,826 վարակման դեպք էր արձանագրվել։ Համաճարակի սկզբից վարակը հայտնաբերվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության 5,195,321 բնակչի մոտ։ Կորոնավիրուսի հետևանքներից 24 ժամում հանրապետությունում մահացել է 264 պացիենտ. Գերմանիայում համավարակի ընթացքում մահացածների ընդհանուր թիվը հասել է 98,538-ի։
Գերմանիայում կորոնավիրուսի յոթնօրյա տարածումը (շաբաթական 100 հազար մարդու հաշվով վարակվածների թիվը) ներկայումս կազմում է 336․9։ Չորեքշաբթի այն հասել է 319․5-ի, մեկ շաբաթ առաջ՝ 249․1-ի, իսկ մեկ ամիս առաջ՝ 74․4-ի։ Յոթնօրյա տարածվածության մակարդակը մինչ այժմ եղել է Գերմանիայում սահմանափակող միջոցների ընտրության հիմնական չափանիշը: Այլ գործոններ այժմ ուշադիր դիտարկվում են, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքների զբաղվածությունը և պատվաստված քաղաքացիների տոկոսը:
Վերջին շաբաթների ընթացքում Գերմանիայում սրընթաց աճում է կորոնավիրուսով վարակման դեպքերը։ Բունդեսթագի նախագահ Բերբել Բասը հորդորել է հրաժարվել խոշոր տոնակատարություններին մասնակցելուց, Գերմանիայի ՆԳ նախարար Հորստ Զեեհոֆերը՝ միավորել սահմանափակումները ողջ երկրում։ Գերմանիայի զինված ուժերը, ըստ Der Spiegel ամսագրի, նախատեսում են մինչև տարեվերջ մոբիլիզացնել 12 հազար զինվորական՝ համաճարակի չորրորդ ալիքի պայմաններում քաղաքացիական օգնություն ցուցաբերելու համար։ Այժմ քաղաքական գործիչների առանցքային նպատակը, այսպես կոչված, 2G կանոնի ներդրումն է, ըստ որի միայն պատվաստվածներն ու ապաքինվածները կարող են այցելել թանգարաններ, ռեստորաններ, կինոթատրոններ, լողավազաններ։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում կունենա դաշնային նահանգների ղեկավարների հետ, որից հետո որոշում կկայացվի խստացնել հակակորոնավիրուսային միջոցառումները ողջ Գերմանիայում։
Կարծիքներ