ԵՄ-ն խոստանում է չպնդել, որ Ղազախստանը միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
Եվրամիությունը լիովին հարգում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու Ղազախստանի դիրքորոշումը՝ այդ երկիր կատարած այցի ժամանակ ասել է պատժամիջոցների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Դևիդ Օ’Սալիվանը։
«Ես Ղազախստան յուրաքանչյուր այցի ժամանակ ասում եմ՝ ԵՄ-ն լիովին հարգում է այդ երկրի դիրքորոշումը՝ չմիանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Մենք չենք պնդում և չենք պնդի, որ Ղազախստանն ընդունի պատժամիջոցները, և որևէ կերպ միջամտելու մտադրություն չունենք՝ փչացնելով Ռուսաստանի հետ օրինական առևտրային հարաբերությունները»,- ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը:
Նա միաժամանակ ընդգծել է Եվրամիության մտահոգությունը, որ բիզնեսի որոշ անբարեխիղճ ներկայացուցիչներ կարող են այդ հանրապետությունն օգտագործել որպես պատժամիջոցները շրջանցելու հարթակ։
Եվրահանձնաժողովը սահմանել է պատժամիջոցների հարցերով ԵՄ միջազգային հատուկ ներկայացուցչի պաշտոնը՝ ապահովելու բարձր մակարդակի շարունակական երկխոսությունը երրորդ երկրների հետ՝ խուսափելու ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր Ռուսաստանի դեմ կիրառվող սահմանափակող միջոցների շրջանցումից:
Կարծիքներ