Համավարակի հետեւանքները կարող են հաջորդ 3-5 տարիների ընթացքում սպառնալիքի տակ դնել համաշխարհային տնտեսության զարգացումը
Կորոնավիրուսի համավարակի հետեւանքները կարող են հաջորդ 3-5 տարիների ընթացքում սպառնալիքի տակ դնել համաշխարհային տնտեսության զարգացումը, նախազգուշացնում են Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) փորձագետները: Բացի այդ, համավարակի հետեւանքով կարող է աճել սոցիալական անհավասարությունը, եւ առաջիկա 5-10 տարիների ընթացքում աշխարհաքաղաքական կայունությունը կարող է թուլանալ, ասվում է ՀՏՖ-ի Գլոբալ ռիսկերի Global Risks Report 2021 զեկույցում:
Մասնավորապես, փորձագետների կողմից հարցված բիզնեսի եւ սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչները ակնկալում են, որ առաջիկա 3-5 տարիների ընթացքում համավարակը կհանգեցնի այնպիսի խնդիրների, ինչպիսիք են սպեկուլյատիվ փուչիկները, գների փոփոխությունները, պարտքի ճգնաժամը եւ ՏՏ ենթակառուցվածքի փլուզումը:
Չնայած COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկին, համավարակը երկար ժամանակ իր ազդեցությունն է թողնելու հասարակական կյանքի եւ տնտեսության վրա, նշվում է ուսումնասիրության մեջ: Օրինակ, այս իրավիճակում փոխվում են հաճախորդների հետ ընկերությունների փոխգործակցության տեսակները, մատակարարման շղթաները եւ բիզնես մոդելները: Միեւնույն ժամանակ, արագացված թվային զարգացումը կարող է հանգեցնել կիբեռհարձակումների քանակի աճի, իսկ տնից կանոնավոր աշխատանքը՝ առողջության հետ կապված խնդիրների, հայտնում է DW-ն:
2020 թ. «աշխարհը գիտակցեց, թե ինչ աղետալի հետեւանքների կարող է բերել այնպիսի երկարատեւ ռիսկերն անտեսելը, ինչպիսիք են համավարակները»,- ասում են ՀՏՖ-ի փորձագետները: Նրանք հիշեցրել են, որ 2006 թվականից ի վեր իրենց տարեկան զեկույցներում նախազգուշացրել են համավարակների հետ կապված հնարավոր ռիսկերի մասին:
Միեւնույն ժամանակ, համաշխարհային մասշտաբով առավել մեծ սպառնալիք են համարվել կլիմայի փոփոխությունը եւ շրջակա միջավայրի հետ կապված այլ մարտահրավերներ:
Կարծիքներ