Ես հավատում եմ, որ չլռելու ժամանակն է. Տեր Արամ, Տեր Թադե, ձեր խոսքը ինձ համար եղավ լույս. Տեր Տարոն

Ես հավատում եմ, որ չլռելու ժամանակն է. Տեր Արամ, Տեր Թադե, ձեր խոսքը ինձ համար եղավ լույս. Տեր Տարոն

Սա է ամենամեծ վտանգը՝ երբ Եկեղեցու «ղեկավարները» սկսում են հեռանալ սեփական որդիներից, իսկ որդիները՝ հիասթափվում եկեղեցու «ղեկավարներից»։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Տեր Տարոն քահանան:

«Արժանապատիվ հոգևոր հայրեր, սիրելի եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,

Տեր Արամի և Տեր Թադեի վերջին շրջանի բարձրացրած ձայնը լսելի չէ այլ կերպ, քան միայն սրտով։ Նրանց խոսքի մեջ այս օրերին ես տեսա ոչ թե բողոք, այլ ճշմարտության հնձաններից քամված ցավ, որը սեղմվել է լռության մեջ երկար տարիներ, բայց որն այլևս հնարավոր չի եղել լռությամբ ու վախով ճնշել։
Իմ սիրտն այսօր չի ուզում աղմկել, բայց ես էլ այլևս չեմ կարող բռնանանալ իմ խղճի վրա։

Ինքս իմ քահանայական ուղին սկսել եմ սիրով, հավատով, հույսով և եռանդով։ Ծառայության տարիներս՝ հատկապես հեռավոր անկյուններում, ինձ սովորեցրին խոնարհվել ոչ միայն Աստծու առաջ, այլ նաև մարդկային ցավի առաջ՝ ամոքող սիրով։ Սակայն եկավ մի պահ, երբ ցավը ներսից պատեց ինձ, դարձավ անելանելի, ու «պատասխանատուներ», որ կոչված էին ինձ նեցուկ լինելու, բացակա էին, այլ՝ ավելի «կարևոր» առաքելությամբ։

Այսօր ես իմ ծառայական կերպի մեջ չեմ և հաճախ հարց եմ տալիս ինքս ինձ՝ որտե՞ղ կտրվեց շղթան, ո՞ր պահին մեր եկեղեցական կյանքը դարձավ մի կառույց, ուր մարդու խնդիրը ոչ թե լուծման է արժանանում, այլ դատապարտության։

Ինձ խիստ ցավ է պատճառում, երբ Եկեղեցու ներսում ներքին կարգ ու կանոնի շղարշի ներքո անտեսվում է քրիստոնեության բուն առաքելությունը, երբ Աստուծո խոսքի փոխարեն բարձրանում են քաղաքական տեքստեր, մեղադրանքներ, սպառնալիքներ, դատապարտումներ, իսկ Աստծո սիրո փոխարեն գործում է կանոնական հիմքից զուրկ վարչական սառնասիրտ անտարբերություն։ Ճշմարտությունը երբեք չէր տանջի մարդուն, եթե չլիներ սուտը քողարկող անհոգի լռությունը։ Եկեղեցու ներսում երբեմն թվում է, թե մարդը սիրելի է այնքան ժամանակ, քանի դեռ համաձայնվում է ամեն ինչի հետ։ Երբ սկսում ես հարցնել, բարձրաձայնել, ցավդ ասել՝ այդ պահից դադարում ես սիրելի լինել և դիտարկվում ես որպես «բեռ», նույնիսկ հակաեկեղեցական կամ դավաճան։

Եվ սա է ամենամեծ վտանգը՝ երբ Եկեղեցու «ղեկավարները» սկսում են հեռանալ սեփական որդիներից, իսկ որդիները՝ հիասթափվում եկեղեցու «ղեկավարներից»։

Քրիստոսի եկեղեցում առկա քանդիչ երևույթները համարձակորեն բարձրաձայնող իմ հոգևոր եղբայրների քայլը ես ողջունում եմ՝ ոչ որպես ընդդիմություն, այլ որպես խիղճ ունեցող պարզ մարդ, որը հավատում է, որ ճշմարտությունը պիտի բարձրաձայնվի՝ սիրով, խոնարհությամբ, բայց նաև հաստատուն և աննահանջ կերպով։ Այս ձայները պիտի չանհետանան օդում, այլ հնչեն, լսելի դառնան, փոխեն անտարբեր սրտերի կեղծ լռությունները։
Ես անուններ չեմ տալիս քանի որ պատասխանատուները հայտնի են, լուծումները՝ պարզ։ Սա կամազուրկ ոգու հարց է, որը մեզ դարձնում է կույր՝ անարդարության առջև, և համր՝ արդարության պահանջի համար։ Սա ոգու արիության հարց է նաև, բարձրաձայնել է պետք։ Ես ո՜վ եմ, որ դատեմ և չեմ էլ ուզում դատել։ Բայց չեմ էլ կարող լռել։

Եկեղեցին իմ տունն է, որի մեջ է իմ կյանքը, իմ հավատքը, իմ մկրտությունը, իմ ուխտը։ Սիրելի՛ եղբայրներ, այս խոսքս ո՛չ ամբաստանություն է, ո՛չ վերլուծություն։ Սա սրտիս պոռթկումն է, որպես աղոթք։ Աղոթենք, որպեսզի մեր Եկեղեցին, որին սիրում ենք մեզանից առավել, վերագտնի իր սիրո լուսավոր ճանապարհը։ Որ վերականգնվի վստահությունը միմյանց հանդեպ։ Որ ոչ թե իշխելու, հրամայելու աշխարհային փառքը հետապնդվի, այլ՝ ծառայության սերը։

Եվ եթե որևէ մեկը կարծում է, թե քահանան կարող է լռեցնել ճշմարտությունը՝ կարգալուծության կամ բիրտ հաշվեհարդարի վախից, կամ հանուն ավելի լավ պաշտոնի, թող հիշի Հիսուսի խոսքը՝ «եթե սրանք լռեն, քարերը կաղաղակեն»։

Ես հավատում եմ, որ չլռելու ժամանակն է, ճշմարտությունը չլռեցնելու ժամանակը։ Ես համբերատար աղոթում եմ, որ մեր մեջ գտնվեն շատեր, որ մտնեն սրտի անդորրի մեջ և այնտեղ գտնեն ազնվության ձայնը։ Տեր Արամ, Տեր Թադե, ձեր խոսքը ինձ համար եղավ լույս։ Լույս՝ տեսնելու համար, որ նույնիսկ Եկեղեցու մեջ լռելով չի փոխվի ոչինչ։

Քրիստոս լռելով չէր փրկում աշխարհը, այլ ճշմարտությունը բարձրաձայնելով։ Միանում եմ այդ լույսին՝ որպես եղբայր, որպես քահանա, որպես մարդ»,- ասված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում