Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք տոնին

Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք տոնին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո Պարի միջազգային օրը՝ ապրիլի 29-ին, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը հանդես կգա «Արի՛, պարի՛» տոնական նախաձեռնությամբ, որի շրջանակում կանցկացվեն մի շարք միջոցառումներ։
Պարի միջազգային օրվան նվիրված լայնամասշտաբ հանրային մշակութային իրադարձությունը կմիավորի շուրջ 4000 պարողների՝

 

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող պետական պարային ստուդիաներից,

Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միությունից,

Հայաստանի պարարվեստի ազգային միության կազմում գործող խմբերից,

հանրաճանաչ պարային խմբերից,

ՀՀ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից,

ՀՀ մարզերում գործող պարային խմբերից:

 

Միջոցառման նպատակն է հանրայնացնել հայկական պարարվեստը, ընդգծել դրա կենսունակությունն ու նշանակալիությունը, ինչպես նաև ապահովել հասարակության լայն շերտերի ակտիվ մասնակցությունն ազգային պարարվեստի ժառանգության պահպանման ու արժևորման գործում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Պարի միջազգային օրվա միջոցառումները կանցկացվեն մայրաքաղաքի կենտրոնում․

ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում կմեկնարկի «Տոնական շուրջպար 7 շրջանով» խորագիրը կրող միջոցառումը, որը կազդարարի տոնական օրվա ծրագրի մեկնարկը.

ժամը 18:00-ին` Հյուսիսային պողոտայում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, ԿԳՄՍ նախարարության բակում, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հարակից տարածքում միաժամանակ կմեկնարկեն պարային ֆլեշմոբեր.

ժամը 19:00-ին` Ազատության հրապարակում կազդարարվի տոնական օրվա միջոցառումների ավարտը:

 

ԿԳՄՍ նախարարությունը և Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը հրավիրում են բոլորին՝ միանալու տոնին և մասնակցելու «Արի՛, պարի՛» նախաձեռնությանը՝ դառնալով հայկական պարի կրողն ու տարածողը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում