Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, հունահռոմեական ոճի ըմբիշ Շանթ Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել:
72 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում Խաչատրյանը 9:0 հաշվով առավելության է հասել Ղրղզստանի ներկայացուցիչ Ադիլխան Նուրլանբեկովի նկատմամբ:
Հայ ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 8։0 հաշվով հաղթել էր Իտալիայի ներկայացուցիչ Ջիովանի Ալեսիոյին, 1/8 եզրափակչում Շանթ Խաչատրյանը 10։0 հաշվով ուժեղ էր գտնվել Ղազախստանի ներկայացուցչից, քառորդ եզրափակչում 3։3 հաշվով էր ավարտել գոտեմարտը վրացի ըմբիշի հետ, իսկ կիսաեզրափակչում 6։15 հաշվով զիջել էր չեզոք դրոշի ներքո հանդես եկող Դմիտրի Ադամովին և պայքարել բրոնզե մեդալի համար։
Այսպիսով, հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը Մ23 ԱԱ-ում ելույթն ավարտել է 1 բրոնզե մեդալով:
Հավաքականի ևս 5 անդամներ՝ Մանվել Խաչատրյանը (55 կգ), Յուրիկ Հովեյանը (63 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Հայկ Խլոյանը (97կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ), գոտեմարտել են բրոնզե մեդալների համար, սակայն զիջել են մրցակիցներին:
Մանվել Խաչատրյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:0 հաշվով առավելության էր հասել միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո (UWW) հանդես եկող հնդիկ Լայշրամ Սանայի Մեիտեի նկատմամբ, 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 8:0 հաշվով հաղթել էր Բուլղարիայի ներկայացուցիչ Դենիս Դեմիրովին, սակայն քառորդ եզրափակչում 1:9 հաշվով զիջել էր ղազախ Իշխար Կուրբաևին: Վերջինս հասել էր եզրափակիչ, և Խաչատրյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էր ստացել: Սփոփիչ գոտեմարտում Մանվելը 3:2 հաշվով առավելության էր հասել ուկրաինացի ըմբիշի նկատմամբ, սակայն բրոնզե մեդալի համար գոտեմարտում զիջել է Եվրոպայի գործող չեմպիոն, Թուրքիայի ներկայացուցիչ Ադեմ Բուրակ Ուզունին (0:10):
Յուրիկ Հովեյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Շվեյցարիայի ներկայացուցիչ Յոնաս Մյուլերի նկատմամբ, սակայն հաջորդ փուլում Հովեյանը 0:8 հաշվով պարտվել էր չեզոք դրոշի ներքո հանդես եկող բելառուս Հլեբ Մակարանկային: Վերջինս դուրս էր եկել եզրափակիչ, ինչի շնորհվի Հովեյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էր ստացել: Սփոփիչ գոտեմարտում Հովեյանը տպավորիչ հաղթանակ էր տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ, սակայն բրոնզե մեդալի համար գոտեմարտում 1:2 հաշվով զիջել ճապոնացի Չիեզո Մարույամային:
Կարեն Խաչատրյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 3:2 հաշվով հաղթել էր ֆին Օտո Կետոնենին, 1/8 եզրափակչում առավելության էր հասել բելառուս Իլյա Բիցեևի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում պարտվել էր թուրք Ալպերեն Բերբերիին: Վերջինս հասել էր եզրափակիչ, և Խաչատրյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էր ստացել: Սփոփիչ գոտեմարտում Կարեն Խաչատրյանը 3:1 ուժեղ էր գտնվել ադրբեջանցի Էլջան Մամադովից, բայց բրոնզե մեդալի համար գոտեմարտում 2:3 հաշվով զիջել է Եգիպտոսի ներկայացուցիչ Էմադ Աշրաֆ Մոհամեդ Աբուելատայի հետ:
Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր Հայկ Խլոյանը որակավորման փուլում 4:1 հաշվով առավելության էր հասել Լաշա Թվիլդիանիի նկատմամբ, 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 7:2 հաշվով հաղթանակ էր տարել չեզոք դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Արթուր Արզումանյանի նկատմամբ, քառորդ եզրափակչում 8:0 հաշվով հաղթել էր ԱՄՆ ներկայացուցիչ Քեյդ Լաուտին, սակայն կիսաեզրափակչում 0:9 հաշվով պարտվել էր բելառուս Պավել Հլինչուկին։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Խլոյանը գոտեմարտել է Գերմանիայի ներկայացուցիչ Լուկաս Ալեքսանդրոս Լազոջիանիսի հետ և 3:5 հաշվով զիջել մրցակցին:
Ռազմիկ Քուրդյանը որակավորման փուլում 3:1 հաշվով հաղթել էր Ճապոնիայի ներկայացուցիչ Սոտա Օկումուրային, քառորդ եզրափակչում 5:1 հաշվով առավելության էր հասել Եգիպտոսի ներկայացուցիչ Ֆեկրի Մուհամեդ Եիսայի նկատմամբ, սակայն կիսաեզրափակչում 2:4 հաշվով զիջել էր Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Համզա Բակիրին՝ վիճելի մրցավարության արդյունքում: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Քուրդյանը 1:7 հաշվով պարտվել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Միխայիլ Լապտևին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 67 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը պարտվել է մեկնարկում, իսկ 87 կգ քաշային Սամվել Սարգսյանը առաջին սփոփիչ գոտեմարտում ԱՄՆ-ի ներկայացուցչին 10:0 հաշվով հաղթելուց հետո երկրորդում զիջել է լեհ մրցակցին և դուրս մնացել հետագա պայքարից:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ էր նվաճել Մ23 տարեկանների ԱԱ-ում: Առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել էր 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, իսկ 61 կգ քաշային Մեժլում Մեժլումյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:
Կարծիքներ