ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել հրատապ միջոցներ ձեռնարկել՝ մինչև տարեվերջ աշխարհի բնակչության 40%-ին պատվաստելու համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել հրատապ միջոցներ ձեռնարկել՝ մինչև տարեվերջ աշխարհի բնակչության 40%-ին պատվաստելու համար

Առաջիկա օրերին երկրները պետք է կոնկրետ միջոցներ ձեռնարկեն՝ մինչև այս տարվա վերջ աշխարհի բնակչության 40%-ին կորոնավիրուսի դեմ պատվաստելու նպատակին հասնելու համար։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, որն անցկացվել է տեսաֆորմատով։

«Երկրները պետք է առաջիկա օրերին կոնկրետ գործողություններ ձեռնարկեն, որպեսզի ավելի շատ առաջընթաց գրանցեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ մինչև տարեվերջ (աշխարհի բնակչության 40%-ի) պատվաստման նպատակն իրագործելու համար, և շատ ավելի ակտիվ լինել բոլոր երկրներում (բնակչության 70%-ին) մինչև 2022 թվականի կեսերը պատվաստելու ջանքերում», – ասել է Գուտերեշը:

«Ներկայիս տեմպերով Աֆրիկան ​​չի կարողանա հասնել 70 տոկոսի շեմին մինչև 2024 թվականի օգոստոսը: Պատվաստանյութերի (բաշխման) անհավասարությունը (վիրուսի) տարբերակները թողնում է վերահսկողությունից դուրս: <…> Առանց գործողությունների համակարգման մենք չենք կարողանա հաղթահարել համաճարակը»,- ​​ասել է գլխավոր քարտուղարը։

Գուտերեշի խոսքով՝ 40 երկիր չի կարողացել պատվաստել իր բնակչության նույնիսկ 10%-ին, աղքատ երկրներում 4%-ից քիչն է լիարժեք պատվաստված։

Գուտերեշն ասել է, որ կորոնավիրուսային համաճարակը չի վերանում, միայն պատվաստանյութերը չեն կարող այն արմատախիլ անել։

«COVID-19-ը չի հեռանում: Ակնհայտ է դառնում, որ միայն պատվաստանյութերը չեն կարող արմատախիլ անել համաճարակը», – ասել է նա։

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ վիրուսի տարածումը խոսում է այն մասին, որ վարակը դեռ չի անցել։

«Դա պայմանավորված է պատվաստանյութերի բաշխման անհավասարությամբ, ինքնագոհությամբ»,- ասել է Գուտերեշը։

Կորոնավիրուսի Օմիկրոնի շտամը ցույց է տվել, որ արտադրող երկրների կողմից ընդունված՝ պատվաստանյութերի բաշխման գոյություն ունեցող ռազմավարությունները ձախողվել են: Գուտերեշը նշել է, որ նման ռազմավարությունների արդյունքում որոշ զարգացած երկրներում հնարավոր է եղել պատվաստել գրեթե ողջ բնակչությանը, մինչդեռ զարգացող երկրներում համապատասխան ցուցանիշը շատ ցածր է։ Այնուամենայնիվ, հենց պատվաստանյութերի այս անարդար բաշխումն է հանգեցնում կորոնավիրուսի նոր տարբերակների առաջացմանը։ Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ինքը հինգշաբթի օրվանից աշխատում է տնից՝ իր պաշտոնական ներկայացուցչի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո։

Բ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում