Ավստրալիայում փրկել են ծանծաղուտ նետված շուրջ հարյուր դելֆինի

Ավստրալիայում փրկել են ծանծաղուտ նետված շուրջ հարյուր դելֆինի

Գրինդ տեսակի առնվազն 94 սեւ դելֆին է փրկվել, որոնք նետվել էին ավստրալական Տասմանիա նահանգի արեւմտյան առափնյակի ծանծաղուտ, նրանց բաց են թողել ծով: Այդ մասին հաղորդել է ABC հեռուստաալիքը: Սեպտեմբերի 21-ին Մակուորիի ծոցում հայտնաբերել են շուրջ 270 գրինդ-դելֆինների:

Սեպտեմբերի 23-ին 200 դելֆինից բաղկացած եւս մեկ խումբ են հայտնաբերել առափնյա ծանծաղուտում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ առնվազն 380 գրինդ-դելֆիններ են սատկել: Սեպտեմբերի 25-ի առավոտյան տեղի ծառայությունները ճշտել են սատկած առանձնյակների թիվը՝ այն նվազեցնելով մինչեւ 350: Ողջ մնացած դելֆիններին փրկելու գործողությունը շարունակվում է արդեն մի քանի օր: Դրանում գործի են դրվել տասնյակ փրկարարներ եւ կամավորներ:

Մինչեւ սեպտեմբերի 24-ի երեկոյան փրկված առանձնյակների թիվը հասել Է 88-ի, եւս վեցը փրկվել են հաջորդ օրը առավոտյան: Ինչպես հաղորդվում է, իշխանությունները չեն կորցնում եւս 12 դելֆինի փրկելու հույսը: Ինչպես ավելի վաղ հայտարարել է կենսաբան Քրիս Կառլայոնը, ափ նետված դելֆինների թվաքանակը ռեկորդային է դարձել Տասմանիայի համար:

Մասնագետները դեռեւս փորձում են պարզել պատճառը: Գրինդները կամ սեւ դելֆինները ծովային կաթնասուններ են՝ կետաձեւների խմբից: Գրինդների մարմինը, որը հասնում է 8,5 մետրի, ամբողջությամբ սեւ գույնի է, բացառությամբ կզակի տակ եղած խարսխաձեւ ճերմակ բծի: Դելֆինի քաշը կազմում է միջին հաշվով 800 կիլոգրամ, սակայն հանդիպում են նաեւ 2 տոննա քաշով առանձնյակներ: Գրինդի տարբեր տեսակները բնակվում են գործնականում ամբողջ աշխարհում՝ ինչպես տաք արեւադարձային ծովերում, այնպես Էլ Հյուսիսային Եվրոպայի ափերին: Կետերը եւ դելֆինները հաճախ են ափ նետվում: Հիմնականում դա տեղի է ունենում ամառվա ամիսներին, երբ կաթնասունների վտառները տեղափոխվում են անտարկտիկական ջրեր կամ այնտեղից վերադառնում կղզի պետության ափերի մոտով: Որպես կանոն, եթե գրինդներից մեկը նետվում է ափ, մյուսները փորձում են օգնել նրան եւ արդյունքում արժանանում նրա ճակատագրին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում