ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանել է դիպուկահարի կողմից կնոջ աչքին կրակելու մասին տարածված տեղեկությունները

ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանել է դիպուկահարի կողմից կնոջ աչքին կրակելու մասին տարածված տեղեկությունները

ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել լրատվամիջոցներից մեկի հրապարակման հետ կապված և հայտնել, որ դիպուկահարը չի կրակել, իսկ 58-ամյա կինը հրազենային որևէ վիրավորում չի ստացել:

«Լրատվական կայքերում «Արտակարգ դեպք Երևանում․ «Մալայան» ակնաբուժարան տեղափոխված աչքից վիրավորը հայտնել է, որ իր վրա կրակել է դիպուկահարը» վերտառությամբ տեղեկություն է հրապարակվել, ինչի կապակցությամբ հայտնում ենք հետևյալը.

Հուլիսի 16-ին՝ ժամը 13․35-ին, «Մալայան ակնաբուժարան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «աջ ակնագնդի ցնցում, կոպերի հեմատոմա, սլեռային պատռված վերք հարցականով» ախտորոշմամբ մայրաքաղաքի Դեմիրճյան փողոցից բուժօգնության է տեղափոխվել 58-ամյա մի քաղաքացի։

Բժշկական կենտրոն մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին բուժօգնության տեղափոխված կինը հայտնել է, որ ժամը 12-ի սահմաններում իր բնակարանի պատուհանի մոտ հեռախոսով զրուցելիս հնչեցրել է հայհոյանքներ, ինչից հետո դիպուկահարը կրակել է իր աչքին։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկել են միջոցառումներ, տարբեր անձանց հետ իրականացրել օպերատիվ զրույցներ։

Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, 58-ամյա կնոջ մասնակցությամբ որևէ միջադեպ տեղի չի ունեցել, և նա հրազենային որևէ վիրավորում չի ստացել։

ՔԿ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում են քննչական գործողություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում