Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում բացվել է Արամ Խաչատրյանի 120- ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն
Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ բացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանը, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, պաշտոնատար այլ անձինք, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:
«Ցուցադրությունը Արամ Խաչատրյանի կյանքի և գործունեության հանրահռչակման նոր ու յուրահատուկ էջ է հանրության համար: Ներկայացված են ինչպես Հայաստանի ազգային արխիվում պահպանվող հանրությանը քիչ հայտնի նյութեր, այնպես էլ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում պահպանվող նյութերից՝ կոմպոզիտորի կենսագործունեության վերաբերյալ փաստաթղթեր, անձնական իրեր, ինչպես նաև նրա դիրիժորական փայտիկը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և կարևորել Հայաստանի ազգային արխիվի և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համագործակցությունը՝ որպես դրական օրինակ, որի արդյունքում ստեղծվել է հնարավորություն՝ ծանոթանալու և բացահայտելու մեծանուն կոմպոզիտորի բազմաշերտ ժառանգությունն ու կենսագործունեության նորանոր էջերը:
«Շատ ուրախալի փաստ է Արամ Խաչատրյանի 120-ամյակի շրջանակում ներկա գտնվել այս ցուցադրությանը, որն ամբողջացել է Հայաստանի ազգային արխիվի հազվագյուտ նյութերի ու տուն-թանգարանի նմուշների համալրմամբ: Լիահույս եմ՝ համագործակցությունը կլինի շարունակական աշխատանք, և կկարողանանք հանրության համար ևս հասանելի դարձնել արխիվի կարևորագույն նյութերը, որոնք վերաբերում են մեր նշանավոր գործիչներին և մեծագույն հետաքրքրություն են ներկայացնում ինչպես քաղաքացիների, այնպես էլ հետազոտողների համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարը և հույս հայտնել, որ հանրությունը կօգտվի այս առիթից, և ցուցադրությունը կունենա մեծաթիվ այցելուներ:
«Միջոցառման նպատակը Արամ Խաչատրյան անունը, որն աշխարհում ասոցացվում է հայ ժողովրդի հետ, հանրահռչակելն ու առավել ճանաչելի դարձնելն է»,-ասել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը:
Նրա խոսքով՝ ցուցադրությունում ներկայացված են բացառապես Հայաստանի ազգային արխիվում պահվող փաստաթղթեր, լուսանկարներ Արամ Խաչատրյանի կյանքի ու գործունեության վերաբերյալ, Հայաստանի և այլ երկրների կառավարությունների մշակութային օջախներից ստացված փաստաթղթեր մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործական հաջողությունների, նրա գործունեությանը տրված գնահատականների վերաբերյալ: Փաստեր կան նաև համերգների, հրավերների, նրա անվամբ մրցույթների անցկացման մասին:
Ցուցադրությունը կգործի մինչև ապրիլի 12-ը:
Կարծիքներ