Սանկտ Պետերբուրգում սրտի կրկնակի փոխպատվաստման եզակի վիրահատություն են արել
Պետերբուրգի Ալմազովի անվան բժշկական գիտահետազոտական կենտրոնի վիրաբույժները երեխային սրտի կրկնակի փոխպատվաստման եզակի վիրահատություն են կատարել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով բուժհաստատության մամուլի ծառայությանը:
Ինչպես հաղորդվում է, հիվանդը 11-ամյա տղա է Սարանսկից, որին երեք տարի առաջ սրտի փոխպատվաստում են արել Հնդկաստանում: Դրանից մեկ ամիս անց նրա մոտ կորոնար զարկերակների հիվանդություն է սկսել զարգանալ, ինչի հետևանքով դրանք բորբոքվում և ուռչում են ներսից: Սրտամկանի կաթվածը կանխելու համար տղային մի քանի անգամ ստենտավորում են արել, որից հետո որոշել են կրկնակի փոխպատվաստում կատարել:
Սանկտպետերբուրգյան կենտրոնում առաջին անգամ են սրտի կրկնակի փոխպատվաստման վիրահատություն կատարել: Վիրահատությունը տևել է 4.5 ժամ և հաջող է անցել: Տղան ներկա պահին վերակենդանացման բաժանմունքում է:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում մի քանի նման վիրահատություններ են արվել: Բուժհաստատության մասնագետները նշում են, որ ողջ աշխարհում նույնպես հազվադեպ դեպքեր են եղել, երբ սրտի կրկնակի փոխպատվաստում է արվել:
Կարծիքներ