Թուրքիան սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը. ԵԽ-ն 2 զեկույց է հրապարակել
Ստրասբուրգում շարունակվող Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քննարկվել է երկու առանձին զեկույց՝ Եվրոպական Միության ընդհանուր արտաքին, անվտանգության և պաշտպանության քաղաքականության թեմայով, որում առանձին անդրադարձ է եղել նաև Թուրքիային։
Եվրախորհրդարանի՝ Ֆրանսիայից ընտրված պատգամավոր Նատալի Լուազոն ներկայացրել է զեկույցը, որում շեշտվել է, որ Թուրքիան հաճախ ապակայունացնող դեր է խաղում ԵՄ-ի և իր հարևանների համար մտահոգիչ բազմաթիվ հարցերում և սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը:
Խիստ մտահոգիչ են որակվել և դատապարտվել են Արևելյան Միջերկրականում ապօրինի գործողություններով և ռազմական բախման սպառնալիքներով Հունաստանի և Կիպրոսի իրավասության տակ գտնվող ծովային տարածքներում Թուրքիայի հայտարարած նոր անօրինական գործողությունները։
ԵՄ-ի արտաքին և անվտանգության քաղաքականության մասին մյուս ընդհանուր զեկույցը ներկայացրել է գերմանացի խորհրդարանական Դեյվիդ Մքքալիսթերը: Նա հայտարարել է, որ առկա պայմաններում «անիրատեսական» է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարը։
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ելույթ ունենալով լիագումար նիստում, ասել է, որ Արևելյան Միջերկրականում Թուրքիայի հետ առկա լարվածության թուլացում, այնուամենայնիվ, նկատվում է, բայց չնայած սրան, Անկարայի գործողությունները Կիպրոսի Մարաշի շրջանում շարունակում են մնալ «մտահոգության աղբյուր»։
Զեկույցները քվերակության են ներկայացվել փետրվարի 16-ին, արդյունքների մասին հայտնի կդառնա այսօր՝ փետրվարի 17-ին։
Կարծիքներ